Դեբեդ գյուղում մեկնարկել է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը

Լոռու մարզի Դեբեդ գյուղում օգոստոսի 30-ին մեկնարկել է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը, որի նախաձեռնողն է «Ֆիլմադարան» հասարակական կազմակերպությունը։

Ինչպես  տեղեկացրին «Ֆիլմադարան»-ից, «Դեբատուն» հյուրատանը տեղի ունեցած բացման բացօթյա արարողությանը ներկա են եղել Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսը, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, շուրջ 25 միջազգային ու հայ հյուրեր և մասնակիցներ։

«Արարողությանը ելույթ ունեցան Ալավերդու դհոլահարների համույթը և Ստեփանավանի «Անի» պարային ստուդիան։ Հատուկ ներկայացմամբ հանդես եկավ «Այրոգի» ստվերների թատրոնը, որը ցուցադրեց հայկական ավանդական ստվերախաղքի երկու բացառիկ դրվագ։ Արարողությունն ամփոփվեց Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» (1991) վավերագրության ցուցադրությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 6-ը։ Ցերեկային ցուցադրությունները տեղի կունենան 15։00-ին՝ Դսեղի Մշակույթի տանը, իսկ 20։00-ից ֆիլմերը ցուցադրվելու են բաց երկնքի տակ Դեբեդում՝ «Դեբատուն» հյուրատան այգում։ Փառատոնի շրջանակում զուգահեռ 3 աշխատարան է ընթանում։ Առաջինն իտալուհի կինոռեժիսոր և մանկավարժ Մարտա Վիոլանտեի կինոաշխատարանն է դեբեդցի և դսեղցի երեխաների համար, երկրորդը՝ բուլղարա-բելգիացի ռեժիսոր Զլատինա Ռուսևայի աշխատարանը Հայաստանից և ԵՄ երկրներից սկսնակ կինոռեժիսորների համար, իսկ երրորդ վարպետաց դասի շրջանակում դեբեդցի երեխաները վիետնամուհի արվեստագետ, լուսանկարիչ Թհու Ան Նգուենի օգնությամբ կսովորեն կոլաժի արվեստը։ Բոլոր երեք աշխատարանների արդյունքները կցուցադրվեն սեպտեմբերի 6-ին՝ փակման արարողության ժամանակ։

Leave a Comment