
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ Չինաստանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է նաև Ուկրաինայի հարցը և Սիրիայի վերականգնմանն ուղղված համատեղ քայլերը, հաղորդում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Էրդողանը Չինաստանում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։
«Հանդիպման ընթացքում, որտեղ համապարփակ քննարկվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը, նախագահ Էրդողանը նշել է, որ երկկողմ առևտրի հավասարակշռությունն ու կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ է այն աջակցել ներդրումներով, որ թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի, առողջապահության և զբոսաշրջության ոլորտները հատկապես մեծ ներուժ ունեն, և որ այս համատեքստում օգտակար կլինի ամրապնդել չինական ընկերությունների կողմից Թուրքիայում ներդրումների համակարգումը», – հայտնել է գրասենյակը։
Թուրքիայի նախագահը նշել է Միջին միջանցքի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունների համակարգմանն ուղղված համատեղ քայլերի կարևորությունը։
«Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների միջև առկա խորհրդակցությունների և համագործակցության մեխանիզմների կանոնավոր գործունեության վերաբերյալ… Հանդիպմանը քննարկվել են նաև Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը, Սիրիայի վերականգնմանն ուղղված հնարավոր համատեղ քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր», – ասվում է հայտարարության մեջ։