ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հրավիրած վերջին ասուլիսի ժամանակ սեփական անտեղյակությունն ու անգործությունը թաքցրեց ագրեսիայի հետևում, սակայն նրա ղեկավարած ոլորտի բացթողումներն ու ձախողումները չեն վրիպում հասարակության աչքից։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Բանն այն է, որ դեռ տարիներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գողացել են շուրջ 20 կտոր արժեքավոր գրքեր։ Նախկին տնօրենը կասկածներ էր հայտնել, որ գողությունը կատարվել է ասպիրանտների կողմից, այդ մասին հայտնել էր նորանշանակ տնօրեն Հայկ Դեմոյանին։
Դեմոյանը հաղորդում էր տվել, ապա հարցաքննվել իր իսկ հարուցած վարույթի շրջանակում։
Օգոստոսի 27-ին Ժաննա Անդրեասյանի ասուլիսի ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան, թե որպես նախարար ինչ է անում 19 կտոր արժեքավոր գրքերը վերականգնելու համար, նախարարը նշեց, թե անտեղյակ է, չի մեկնաբանում նախաքննություններ․ գործի վերաբերյալ ոչինչ չկարողացավ ասել։
ՀՀ Քննչական կոմիտեից օրաթերթին ըստ էության պատասխան չեն տվել»,-գրում է օրաթերթը։
««Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմնադրամում տեղի ունեցած առերևույթ գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում նախաձեռնվել և քննվում է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ, այդ թվում նշանակվել է դատաապրանքագիտական և դատամշակութաբանական համալիր փորձաքննություն և իրավական փոխօգնության խնդրանքով վարույթ իրականացնող մարմինը դիմել է արտասահմանյան գործընկերներին։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իսկ քննության ընթացքում հարցաքննված անձանց տվյալները, ինչպես նաև ձեռք բերված փաստական տվյալների բովանդակությունը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն հանդիսանում է նախաքննական գաղտնիք։
Քրեական վարույթով քննության ներկա փուլում մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա», – ասվում է օրաթերթի հարցմանն ի պատասխան։