Օգոստոսի 27-ին Հանրային հեռուստաընկերության հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի նախագծում երբևէ չի դրվել կոնկրետ քարտեզ ամրագրելու հարցը՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորները որակել են «սուտ»։
Դաշինքի չորս պատգամավոր՝ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանը և Քրիստինե Վարդանյանը հայտարարել են, որ նախաստորագրված փաստաթղթի համաձայնեցման գործընթացում հայկական կողմը ներկայացնողների առաջարկներում սահմանազատման և սահմանագծման հիմք էր առաջարկում ընդունել 1974-1979 թվականների խորհրդային ԳՇ քարտեզները։ Ադրբեջանական կողմն առաջարկում էր ընդհանրական ձևակերպում` առանց հստակ թվականների քարտեզների ամրագրման, նշել են նրանք։
«Ինչպես երևում է նախաստորագրված փաստաթղթի հրապարակված տեքստից՝ Հայաստանը զիջել է նաև այս կետում՝ ընդունելով Ադրբեջանի հերթական պահանջը: Սա նշանակում է՝ ՀՀ սահմանի հստակ ուրվագիծ փաստաթղթով չի ամրագրվել»,- պարզաբանել են պատգամավորները։
Ըստ նննրանց՝բանակցություններն ընթանում են Ադրբեջանի պահանջների ամբողջական բավարարման տրամաբանությամբ, և Հայաստանի ներկայացուցիչները չեն արձանագրել որևէ ձեռքբերում, որը կպաշտպաներ մեր երկրի տարածքային ամբողջականությունը։
Խմբակցությունից շեշտել են, որ հայտարարությունը հերքելու միակ տարբերակը բանակցված բոլոր փաթեթների ամբողջական հրապարակումն է։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
