Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ սկսելու մտադրության մասին։
Ըստ Դեմոյանի՝ ակցիայի ամսաթիվը դեռևս անհայտ է, սակայն նա նշել է, որ այդ մասին կհայտարարի շուտով։
«Ցինիզմին էլ վերջ ու սահման կա: Դիմում եմ հայ ծնողին, հայ ուսուցչին, հայ մարդուն։ Մի´ վերածվեք փորձարկումների ենթակա անլեզու ու անինքնասեր օրգանիզմների, տվե´ք ձեր բաժին հակահարվածը»,- գրել է Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ակցիային զուգահեռ՝ Դեմոյանը մտադիր է սկսել նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը մի քանի դրվագներով՝ «խոտան դասագրքեր կրթական համակարգ ներմուծելու, Ծիծեռնակաբերդը պղծելու, կոռուպցիա հովանավորելու և պետական միջոցները վատնելու դրվագներով»:
Դեմոյանը «Ակադեմիական քաղաքի» կառուցումը և «Ֆեստիվառի» համերգային ծրագրերի անցկացումն անվանել է «մշակութային անճաշակություն», որը մեծ գումարներ «թալանելու» և լուրջ կապիտալ կուտակելու մաս է կազմում, որոնց դիմաց մի քանի միլիոն դոլար արժողությամբ նախագծերը թվում են աննշան։
Նա նաև մեկնաբանել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքների վատ որակը և նշել, որ Անդրեասյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրանց թիմի համար տեղի ունեցածը ո՛չ արտառոց էր, ո՛չ էլ ցնցող։
«Իրենց մտայնություններում ու արժեհամակարգում Ծիծեռնակաբերդը վանելու ու դուրս մղելու հասկացություն է, որը խոչընդոտում ու խանգարում է «նոր մարդ» կերտելու իրենց բոլշևիկյան նախագծերին: Այն խանգարելու է ինքնությունից զտված ու անդեմ էակների վերածված սպասարկու զանգված ստանալու լաբորատոր փորձերին ու փորձարկումներին, որոնք առատորեն հովանավորվում են դրսի պատվիրատուների կողմից»,- գրել է Դեմոյանը։
Նա նաև մեղադրել է ակադեմիական միջավայրին, որը լուռ ընդունում և մասնակցում է Փաշինյանի քաղաքականությանը՝ իր «նեոբոլշևիզմով և տկարամիտ ռևիզիոնիզմով», հրապարակելով հոդվածներ, որոնք «գիտականորեն» հիմնավորում են «թավշյա» քաղաքականությունը։
Armenia Today-ին տված հարցազրույցում սեպտեմբերի 3-ին Դեմոյանը հայտնել էր, որ անվերականգնելի վնաս է հասցվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին՝ այն հիմնանորոգելու ընթացքում և մեղադրել նախարարին այդ աշխատանքները տապալելու մեջ։
