ԱԺ-ում մի շարք օրենսդրական նախաձեռնություններ քննարկվել են երկրորդ ընթերցմամբ


Սեպտեմբերի 30-ին գումարված ԱԺ հերթական նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: 


ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և ««Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ նշելով, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո այն բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել:


Նշվել է, որ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերն օրենսդրորեն սահմանելու, արարքի նկարագրությունը հստակեցնելու և մի շարք հանգամանքների զուգորդմամբ արարքը կատարված լինելու համար պատասխանատվության խստացման, ինչպես նաև ռազմական ոստիկանության խնդիրները և լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:


Հիմնական կարգավորումները՝ այստեղ:


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ:


Քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:


Օրենքների նախագծերով առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների և բարձրախոսների տեղադրումը, քանի որ դրանցից հնչող բարձր երաժշտությունն ու ձայները կարող են խախտել հասարակական անդորրը, ինչպես նաև դժվարացնել շչակների ձայնը լսելը, ինչը կարող է խանգարել և շեղել վարորդներին:


Հիմնական կարգավորումները՝ այստեղ:


Երկրորդ ընթերցմամբ նաև քննարկվել է Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրքն ու հարակից օրենքների փաթեթը: Այն ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Գործադիրն առաջարկում է Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում իրականացվող ծառայողական քննությունները, նշանակվող տույժերն ու խրախուսանքները համապատասխանեցնել Հանրային և Քաղաքացիական ծառայությունների վերաբերյալ օրենքներին, ամրագրել ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգը:


Հիմնական կարգավորումները՝ այստեղ:


Նախաձեռնության վարաբերյալ Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնց հիման վրա էլ փաթեթում ընդգրկված նախագծերը լրամշակվել են:


Փոխնախարարի տեղեկացմամբ առաջարկները պայմանականորեն բաժանված են երեք խմբի: Առաջին խմբի առաջարկներն ուղղված են կոռուպցիայի հակազդման արդյունավետության բարձրացմանը, երկրորդ խմբինը՝ ոստիկանության մի շարք առանցքային գործառույթների իրականացման հստակեցմանը, իսկ երրորդ խմբի առաջարկները միտված են ոստիկանության և փրկարար ծառայությունում մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացի լավարկմանը:


Նշվել է, որ անցումային դրույթներում նախատեսվել են կարգավորումներ, ըստ որոնց՝ մինչև փաթեթի ուժի մեջ մտնելը նշանակված ծառայողական քննությունները կշարունակվեն նշանակման պահին գործող կարգավորումներով: Փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո դրանք կիրականացվեն արդեն նոր կարգավորումներով:


Հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


«Պետական սահմանի մասին» օրենքում առաջարկվող լրացմամբ հստակեցվում է ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) կարգավիճակը: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:


Փոխնախարարի խոսքով նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:


Հիմնական կարգավորումները՝ այստեղ:


Հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ըստ պատգամավորի՝ 2006 թվականից համակարգի գործունեությունը կարգավորվել է Կառավարության որոշմամբ, և այժմ անհրաժեշտություն է առաջացել այն ամրագրել օրենքով:

Leave a Comment