Առաջարկվում է ՀՀ պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը հաշվարկել Պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս, ինչպես նաեւ Պրոբացիայի ծառայողներին՝ որպես խրախուսանք, հնարավորություն ընձեռել շնորհելու զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից 1 աստիճանով ավելի բարձր կոչում, բացառությամբ՝ արդարադատության գնդապետի կոչումից բարձր կոչումների: ««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիս ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի Պրոբացիայի ծառայությունում աշխատանքի ներգրավել առավել փորձառու եւ բանիմաց մասնագետների, ինչպես նաեւ կանխել ծառայողների արտահոսքն այլ ծառայություններ, որտեղ կոչումով ծառայության ստաժը հաշվարկվում է:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Ալխաս Ղազարյանը: