Դալարիկ գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում․ ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի տներից մեկի անասնագոմում և բակում եղած անասնակերում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Արմավիրի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։

Կրակի դեմ հրշեջների հետ պայքարում են նաև գյուղացիները։

Այս պահին կրակը ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից, և հրշեջներն ու գյուղացիները պայքարում են կրակի տարածման դեմ։

Կրակի դեմ մեծ դժվարությամբ են աշխատում, քանի որ քամին իր «սև գործն» է անում։

Համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք անասնագոմում կենդանիներ կան, թե ոչ և աշխատանքներ են տանում նաև անասնագոմի և այրվող անասնակերի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։

Leave a Comment