
ԱՄՆ դաշնային կառավարությունը չորեքշաբթի կեսգիշերին ֆինանսավորման պակասի պատճառով մասամբ դադարեցրել է իր գործունեությունը։ Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողացել համաձայնության գալ ծախսերի օրինագծի շուրջ։
Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատը մերժել է երկու կուսակցությունների կողմից առաջարկված երկու օրինագծերը։ Այսպես կոչված «շաթդաունից» խուսափելու համար հանրապետականների առաջարկած օրինագիծը, որն ընդունվել էր Ներկայացուցիչների պալատում, Սենատում ստացել է 55 ձայն, 45-ը դեմ են եղել։ Դեմոկրատական օրինագիծը ստացել է 47 ձայն՝ կողմ և 53՝ դեմ։ Վերին պալատում հաստատման համար անհրաժեշտ է առնվազն 60 ձայն։
Դեմոկրատներն ու հանրապետականները չեն կարողանում համաձայնության գալ ծախսերի հարցում և միմյանց մեղադրում են քաղաքական նպատակներով «շաթդաուն» հրահրելու փորձերի մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ խոսել էր «շաթդաունի» հնարավորության մասին, եթե մինչև հոկտեմբերի 1-ը Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները չկարողանան համաձայնության գալ դաշնային կառավարությանը լրացուցիչ միջոցներ հատկացնելու օրինագծի շուրջ: Մարտին Թրամփը ստորագրել էր օրենք՝ դաշնային կառավարության ֆինանսավորումը մինչև ֆինանսական տարվա ավարտը շարունակելու մասին, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին:
1977 թվականից ի վեր դաշնային կառավարության ֆինանսավորումը խափանվել է ավելի քան 20 անգամ՝ վարչակազմի և Կոնգրեսի միջև տարաձայնությունների պատճառով: Ամենաերկար ժամանակահատվածը եղել է 35 օր՝ 2018 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2019 թվականի հունվարի 25-ը՝ Թրամփի կառավարման առաջին ժամկետի ընթացքում: