«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցն է

«ՆԺԱՐ» սահմանադրական շարժումը հիմնադիր ժողովի քվեարկության արդյունքում որոշել է վարչապետի թեկնածու առաջադրել շարժման հիմնադիր անդամ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցին: 

 

Այս մասին շարժման անդամները հայտարարել են լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 

Արտաշես Իկոնոմովը, Նինա Կարապետյանցը եւ Գարեգին Միսկարյանը Արտաշես Իկոնոմովը, Նինա Կարապետյանցը եւ Գարեգին Միսկարյանը

 

«Նինա Կարապետյանցը կուսակցական չէ: Այս որոշումը կայացվել է ոչ թե կուսակցական հաշվարկներից, այլ՝ շարժման արժեքային եւ ինստիտուցիոնալ տրամադրություններից: Իրավապաշտպան գործունեության ավելի քան 25 տարվա ընթացքում նա ապացուցել է իր սկզբունքայնությունը, անկոտրում կամքը, ճնշումներին դիմակայելու կարողությունը»,- ներկայացնելով վարչապետի թեկնածուին՝ ասել է «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման հիմնադիր անդամ Արտաշես Իկոնոմովը: 

 

Նրա խոսքով՝ Նինա Կարապետյանցը մարմնավորում է այն համախմբող առաջնորդին, որը կենսական նշանակություն ունի այսօրվա Հայաստանի համար. 

«Նինա Կարապետյանցը կդառնա միավորող առաջնորդ բոլոր առողջ ուժերի համար»:

Արտաշես Իկոնոմովը Արտաշես Իկոնոմովը

 

«ՆԺԱՐ» շարժման վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը նշել է՝ իր հանդեպ եղած վստահությունը եւ՛ մեծ պատիվ է, եւ՛ մեծ պատասխանատվություն: 

 

«Ես լիովին գիտակցում եմ՝ խոսքը ոչ թե անձնական հավակնությունների, այլ՝ ազգային միաբանության եւ համախմբման մասին է: Հայաստանը կանգնած է վճռական ընտրությունների առաջ: Երկիրն այլեւս չի կարող շարունակել ընթացքը ներկա ճգնաժամային ճանապարհով»,- ասել է Նինա Կարապետյանց՝ ընդգծելով՝ ժողովուրդը պետք է վերականգնի վստահությունը սեփական պետության նկատմամբ. 

Նինա Կարապետյանցը Նինա Կարապետյանցը

 

«Կոչ ենք անում բոլոր առողջ ուժերին եւ քաղաքացիներին համախմբվել երեք առանցքային կետի շուրջ: Առաջին՝ պետական խորհրդի ձեւավորում: Մենք առաջարկում ենք փոխարինել նախագահի ինստիտուտը կոլեգիալ, անկուսակցական բարձրագույն իշխանությամբ, որը կվերացնի ներկա սուպերվարչապետական լիազորությունները: Սա կկանխի իշխանության մենաշնորհը: Երկրորդ՝ թվային պետության ստեղծում: Պետական կառավարման բոլոր գործառույթները պետք է դառնան թափանցիկ եւ մատչելի: Երրորդ՝ համապարփակ անվտանգային համակարգի ստեղծում: Հայաստանը պետք է ապահովի իր պաշտպանությունը ոչ թե արտաքին երաշխիքների, այլ՝ սեփական ուժերի կազմակերպվածության վրա հիմնվելով»: 

 

 «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման վարչապետի թեկնածուի խոսքով՝ նշված կետերի իրականացման համար անհրաժեշտ է իրականացնել լյուստրացիա, որպեսզի պետական համակարգը մաքրվի նախկին կոռուպցիոն կապերից:

 

«2026 թվականի ընտրությունները լինելու են ոչ թե հերթական քաղաքական մրցակցություն, այլ՝ պատմական հանրաքվե Հայաստանի ապագայի շուրջ», – ասել է Նինա Կարապետյանցը: 

Նինա Կարապետյանցը եւ Գարեգին Միսկարյանը Նինա Կարապետյանցը եւ Գարեգին Միսկարյանը

 

«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման հիմնադիր անդամներից Գարեգին Միսկարյանը նշել է՝ եկել են եզրակացության, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները լուծելի չեն կուսակցական մակարդակում. 

 

«Մինչեւ կուսակցական պայքարը նախ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Դրանց առաջին կետն իշխանության ճյուղերի տարանջատումն է, առանցքային կարեւորություն ունի մեր առաջարկած պետական խորհրդի ինստիտուտի ձեւավորումը: Այս կոնսոլիդացիան պետք է լինի վերկուսակցական եւ, սա հաշվի առնելով, Նինա Կարապետյացին առաջադրում ենք որպես ոչ կուսակցական անձ, որը կհամախմբի բոլոր գաղափարական ուժերին»: 

 

 

 

 

Leave a Comment