Նախընտրական տարին մեկնարկել է: Հայկական մեդիաանտառում մոլորված ՀՀ քաղաքացին էլ կարող է զարմանալ սնկերի պես աճող փոդքասթների առատությունից: Ասում են՝ Հայաստանն աշխարհում առաջատարն է մեկ շնչին ընկնող փոդքասթների թվով: Թվում է, թե ինչ միացնես, միջից փոդքասթ կհնչի՝ արդուկից, էլեկտրական թեյնիկից, սառնարանից… անձրևից հետո անգամ օդը լցվում է քաղաքական գործիչների ձայներով: Եվ դժվար է գուշակել, թե ո՞ւր կարող է մեզ տանել այս հավերժ զրույցների քանակը: Արդյոք դրանք կարո՞ղ են լուրջ ազդեցություն ունենալ ընտրողների վարքի ու նախասիրությունների վրա:
ԶԼՄ-ների հին տեսակն այլևս անցյալում է: Ինչպես ռադիոյի ու հեռուստատեսության ստեղծումը կտրուկ փոխեց աշխարհը, այնպես էլ համացանցի առկայությունը, հատկապես այն պահին, երբ համացանցը հայտնվեց յուրաքանչյուրի գրպանում՝ սմարթֆոնի տեսքով, լիովին փոխեց բոլորիս կյանքը:
Համացանցը թույլ է տալիս քիչ ծախսերով շատ ավելի ուղիղ կապ հաստատել ընտրողի հետ, տարածել սեփական գաղափարներն ու մտքերը: Ինչպես նաև թույլ է տալիս հնարավորինս խախտել կոռեկտության սահմանները, խաբել և մանիպուլացնել որքան սիրտդ տա:
2018-ին այս գործիքը արդյունավետ օգտագործեցին ներկա իշխանությունները թե՛ հեղափոխության, թե՛ հետհեղափոխական գործընթացների ժամանակ: Ուղիղ եթեր մտնելը, գրառում անելը դարձել էին ամենօրյա քաղաքականության մի մասը: Նախկին իշխանությունները նույնպես որդեգրեցին այս ձևաչափը, սակայն ընդդիմության առաջնորդները, լինելով հին տիպի կառավարման մշակույթի ներկայացուցիչ, մինչ օրս խուսափում են հանրության հետ առանց միջնորդավորման շփումից: Ընդդիմությունն ավելի շատ նախընտրում է օգտագործել իր համակիրներին, այսպես կոչված՝ «խոսող գլուխներին», որոնք ունեն քիչ թե շատ մեդիափորձառություն:
Մեդիայի հարցերում իշխանությունները հաճախ մեկ քայլ առաջ են. հիշենք անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ընտանեկան փոդքասթը», որը սակայն շարունակական չեղավ: Դատելով բովանդակությունից՝ փոդքասթի նպատակն էր հանրության շրջանում վարչապետի և իր կնոջ դրական կերպար ձևավորելը: Բայց ինչ-որ բան սխալ գնաց: Այդպես էլ չհասկացանաք՝ վարչապե՞տն էր զբաղված, թե՞ կաթողիկոսի հետ կապված «խնդիրներն» էին այդքան հրատապ, որ փոդքասթի հետագա դրվագների նկարահանումը կասեցվեց:
Այսօր փոդքասթ ունեն ԿԳՄՍ նախարարը, ֆինանսների նախարարը ԱԺ պատգամավորի հետ, պարբերաբար կարճ վիդեոներ է նկարում առողջապահության նախարարը, իրենց հերթին փոդքասթներ ունեն ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ՝ Նարեկ Մալյանը, Ավետիք Չալաբյանը, ինչպես նաև նոր փոդքասթների շարք է մեկնարկել Սամվել Կարապետյանի հետ ասոցացվող «Մեր ձևով» քաղաքական նոր ուժը: Հասկանալի է, որ բարձրախոսային այս մրցավազքի առաջնային նպատակն է որքան հնարավոր է ավելի շատ երևալ ընտրողի աչքին: Ինչպես հասկանում եմ, մեծ հաշվով կապ էլ չունի, թե ինչից խոսել, կարևորը՝ քաղաքացին նկատի, որ դուք ամենուր եք: Երբ ընտրության օրը գա, նախևառաջ ընտրելու են նրան, ում ամենաշատն են տեսել, ով ամենածանոթն է թվում: Իսկ մեդիան կարող է տալ «ծանոթության» այդ պատրանքը:
Այստեղ լավ միտում էլ կա: Ընտրողներն «առաջին ձեռքից» հնարավորություն ունեն լսելու իրենց նախընտրած քաղաքական ուժի ներկայացուցիչներին, հարցեր ուղղել, մեկնաբանել և այլն: Մյուս կողմից՝ մեդիան ուսումնասիրող մասնագետները զգուշացնում են, որ քաղաքական զրույցների այս ձևաչափը կարող է մեծ հաշվով ոչնչով չտարբերվել սոցիալական ցանցերի փակ խմբերից: Կարող են ստեղծվել գաղափարական պղպջակներ փոդքասթների շուրջ: Չէ՞ որ, եթե, ասենք, ԿԳՄՍ նախարարը հրավիրի միայն իր վարած քաղաքականության հետ համաձայն մարդկանց, իր լսողները ոչ մի հակադիր կարծիք չեն էլ լսի: Նույն իրավիճակն է նաև ընդդիմադիրների փոդքասթներում. նրանք եթե անգամ հյուրեր ունեն, բոլորը հեղինակների հետ համակարծիք են, իսկ երբեմն՝ ընդգծված համակիր:
Հակառակ ճամբարները չեն հանդիպում քաղաքական փոդքասթներում, իսկ հեղինակներն իրենց իրավունք են վերապահում ինչպես ուզեն այնպես էլ մեկնաբանեն ընթացիկ քաղաքական գործընթացը: Արդյունքում ստացվում է հին ու բարի քաղաքական աղմուկը՝ պարզապես մեկ ժամ տևող զրույցի տեսքով:
Եվ, վերջապես, եթե անվերջ ձգվող զրույցների ընթացքում լսվում են բազմաթիվ կարծիքներ, և չեն նշմարվում իրար բախվող իրական ծրագրեր, եթե լսարանն իր կյանքում չի տեսնում լուրջ փոփոխություններ, եթե ընկալում է քաղաքական կռիվները որպես հարուստների մի խմբի պայքար մյուս խմբի դեմ, որում ինքը պարզապես գործիք է…
Նման պարագայում որքան ուզում ես բարձրախոսի առջև կյանքդ պատմիր: Անհավատների քաղաքում որքան կուզես եկեղեցի կառուցիր, մոմ վառող չի լինելու: Նույնկերպ էլ այստեղ՝ քաղաքական լուծումների բացակայության, ֆինանսական աճող անհավասարության, գնաճի ու կյանքի որակի լճացման պարագայում որքան ուզում ես բարձր ու երկար զրուցիր քո ապրումներից, հուշերից և նպատակներից, իրականության մեջ սա լուրջ փոփոխությունների դժվար հանգեցնի: Կարծում եմ՝ փոդքասթները պարզապես քաղաքական պղպջակների մի մասն են դառնալու, ոչ ավելի:
Այդուհանդերձ մրցավազքը դեռ նոր է սկսվել: Գալիք տարին հետաքրքիր կլինի նոր տիպի մեդիայի և քաղաքականության զուգորդման տեսանկյունից: 2026-ի ընտրությունների արդյունքները և իհարկե հետընտրական գործընթացը ցույց կտան, թե որքան են իրականում փոդքասթները ազդում քաղաքական անցուդարձի վրա: Լսենք, տեսնենք…
Լիաննա Խաչատրյան
MediaLab.am