«Փաշինյանի «աղոթքը»՝ հարձակման հրահանգ Մայր Աթոռի դե՞մ»․ Սուրեն Սուրենյանց

«Փաշինյանի «աղոթքը»՝ հարձակման հրահանգ Մայր Աթոռի դե՞մ»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը, երեկ հանդես է եկել հետևյալ խոսքերով․ «Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում»։
Առերևույթ այս արտահայտությունը կարող է ընկալվել որպես հավատքի կամ հաշտության ժեստ, սակայն բովանդակային և քաղաքական ենթատեքստով այն հնչում է որպես նոր փուլ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուցիոնալ հիմքերի խարխլմանը։
Մայր Աթոռը նախօրեին հստակ և արձանագրել էր.
«Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են»։
Փաշինյանի արձագանքը դուրս է մնում պետական գործչին հարիր վարքագծի և սահմանադրական հարգանքի շրջանակներից։
Նա ոչ միայն վիճարկել է եկեղեցու ինքնուրույն իրավունքը, այլև հրապարակավ անցել է անձնական վիրավորանքների՝ ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նրան մեղադրելով բարոյական և հոգևոր խախտումների մեջ։
Սա գիտակցված քաղաքական մարտահրավեր է Եկեղեցուն, որը հետապնդում է երկու նպատակ՝
1️⃣ հանրային գիտակցության մեջ սասանել եկեղեցու հեղինակությունը,
2️⃣ դրանով իսկ՝ արդարացնել պետական ապօրինի միջամտությունը Եկեղեցու գործերին։
Փաշինյանի «աղոթելու նաև Մայր Աթոռում» ձևակերպումը կրում է ոչ թե հոգևոր նվիրումի, այլ ներթափանցման իմաստ։
Դա փորձ է՝ փոխարինելու հոգևոր իշխանությունը քաղաքական ներկայությամբ, իսկ հավատքի տարածքը՝ իշխանական ազդեցությամբ։
Այս փուլում ակնհայտ է, որ հակաեկեղեցական քարոզչությունը կորցնում է իր հանրային լեգիտիմությունը։
Եվ հենց այդ պայմաններում իշխանությունն, ամենայն հավանականությամբ, կփորձի դիմել ռեպրեսիվ քրեական ճնշումների մեթոդների, ներառյալ՝ ուղղված հենց Վեհափառ Հայրապետի դեմ։
Եթե այսօր աղոթքը վերածվում է քաղաքական սպառնալիքի, ապա վտանգված են իրավունքն ու ինքնությունը»։

Leave a Comment