Իրանը վերականգնելու է իր վնասված միջուկային օբյեկտները


Հայաստան


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ատոմային էներգիայի կազմակերպություն այցի ընթացքում, հայտարարել է, որ երկիրը վերականգնելու է այն միջուկային օբյեկտներն ու կայանները, որոնք վնասվել են իսրայելական և ամերիկյան ուժերի կողմից, հաղորդում է Mehr-ը։


«Միջուկային շինությունների կամ կայանների ոչնչացումը մեզ չի կանգնեցնի․ մենք վերականգնվելու ենք՝ դառնալով ավելի ուժեղ և վճռական, քան երբևէ», – ասել է Փեզեշքիանը՝ այցելելով իրանցի միջուկային գիտնականների նվաճումների ցուցահանդեսը։


Նախագահը նաև հանդիպել է կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և հարգանքի տուրք մատուցել 12-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների և իրանցի միջուկային գիտնականների հիշատակին՝ նրանց աշխատանքը բնութագրելով որպես «գիտական ջիհադ և ազնիվ ծառայություն ազգին»։

Փեզեշքիանը նշել է, որ իրանցի գիտնականների նկատմամբ թշնամանքի և սպանությունների պատճառը Իրանի գիտատեխնիկական անկախության նկատմամբ մեծ տերությունների անհանգստությունն է։

Նա ընդգծել է, որ Իրանը բազմիցս հայտարարել է՝ միջուկային զենքի ստեղծումը իր օրակարգում չկա, և որ համաշխարհային տերությունները լավ տեղեկացված են այդ փաստի մասին։

«Այնուամենայնիվ, – ասել է նա, – նրանք օգտագործում են այդ կեղծ պնդումը որպես պատրվակ՝ խոչընդոտելու Իրանի առաջընթացին»։



Leave a Comment