
Ուկրաինական պատվիրակությունը Միացյալ Նահանգներում սկսել է հանդիպում ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչների հետ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, որը գլխավորում է ուկրաինական պատվիրակությունը:
«Ուկրաինական պատվիրակությունն արդեն սկսել է հանդիպումը Միացյալ Նահանգներում ամերիկյան կողմի հետ՝ արժանապատիվ խաղաղության հասնելու քայլերի շուրջ», – գրել է Ումերովն իր Telegram ալիքում:
Նա հավելել է, որ մշտական կապի մեջ է Վլադիմիր Զելենսկու հետ: Ուկրաինայի ԱԱՊԽ քարտուղարը նաև հայտարարել է, որ բանակցություններ է վարում Զելենսկու «հրահանգների» և «Ժնևում ձեռք բերված նվաճումների» հիման վրա՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքում: Ումերովը հավելել է, որ Զելենսկուն կզեկուցի ԱՄՆ-ում բանակցությունների արդյունքների մասին:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիթքոֆը և ԱՄՆ-ի նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում հանդիպելու են ուկրաինական պատվիրակության հետ։
Վաշինգթոնն առաջարկել է ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր։ Փաստաթուղթը զայրացրել է Կիևին և նրա եվրոպացի գործընկերներին, որոնք փորձել են էականորեն փոփոխել այն։