Արմավիր քրեակատարողական հիմնարկում ինձ ստուգելու ընթացքում ապօրինի ձևով խլեցին հեռախոս, ասելով, թե իբր արգելված իր եմ տանում․ Զարուհի Փոստանջյան

Շարունակական ճնշումների, հետապնդման և պաշտպանի մասնագիտական գործունեությանը ապօրինի միջամտության վերաբերյալ հայտարարություն

Սույնով ներկայացնում եմ հերթական և խիստ մտահոգիչ միջադեպը, որը վկայում է, որ ՀՀ իշխանությունների կողմից իմ նկատմամբ իրականացվող հետապնդման, ահաբեկման և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համընդհանուր և համակարգված բնույթը շարունակվում է։ Այս վարքագծի նախաձեռնողն է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, իսկ իրականացնողները՝ նրա անմիջական վերահսկողության ներքո գործող Քրեակատարողական ծառայության ղեկավարը՝ տիկին Ծովինար Թադևոսյանը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ես ներկայացնում եմ քաղաքական և կալանքի պայմաններին առնչվող մի շարք գործեր։

Ինչպես արդեն նշված էր իմ երեկ ներկայացրած պաշտոնական բողոքում, Հայաստանի իշխանությունները հետևողականորեն իրականացնում են մասնագիտական գործունեության իմ պարտականություններին ուղղված կանխամտածված և ապօրինի խոչընդոտումներ։ Այսօրվա միջադեպը այդ վարքագծի ևս մեկ դրսևորումն է։

Այսօր մուտք գործելով Արմավիրի քրեակատարողական հիմնարկ, հիմնարկի աշխատակիցները ցինիկ ձևով վերցրել են իմ հեռախոսը, այն դեպքում։ Հեռախոսը վերցվել է մուտքի վերահսկողության ընթացքում, ոչ թե դրա ժամանակ։ Ես որևէ արգելված իր իմ հետ չեմ մտցրել քրեակատարողական հիմնարկ, ոչ էլ որևէ փորձ է կատարվել: Մուտք գործելիս Աշխատակազմի ներկայացուցիչները ինձ ստուգելու ընթացքում խլեցին հեռախոսը՝ մանիպուլացնելով և հայտարարելով, թե իբր արգելված իր եմ տանում: Ասյպիսով, նրանք ապօրինի առգրավեցին հեռախոսս և այն պահում են իրանց մոտ՝ առանց ներկայացնելու իրավական հիմք։ Միակ «բացատրությունն» այն էր, որ իբր ես «պրովոկացիա» եմ իրականացնում, մինչդեռ ակնհայտ է, որ պրովոկացիան և ապօրինի վարքագիծը բխում են հենց իրենց գործողություններից։ Իմ հեռախոսը այս պահին առգրաված է:

Տվյալ միջադեպի հանգամանքներից ելնելով՝ ունեմ հիմնավոր կասկած, որ իմ հեռախոսը վերցնելու նպատակը եղել է մասնագիտական գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ստանալը։ Այս կասկածը առավել ամրապնդվում է հետևյալով: «Արմավիր» ՔԿՀ-ում փաստաբանների իրերը չեն պահվում փակվող կամ անվտանգ վայրերում, ինչը հնարավորություն է տալիս աշխատակազմին անխոչընդոտ ծանոթանալ փաստաբանի փաստաթղթերին կամ հեռախոսներին և այսօր կատարվածն ամբողջությամբ տեղավորվում է այդ գործելաոճի մեջ։ Բացի այս, հեռախոսս առգրավելիս, այն չի փաթեթավորվել, ինչպես պահանջում է օրենքը: Չնայած իմ բազմակի պահանջներին՝ աշխատակիցները հրաժարվել են ներկայացնել որևէ իրավական հիմք և վերադարձնել իմ հեռախոսը։

Այս հայտարարության պատրաստման պահին իմ հեռախոսը դեռ պահվում է նրանց մոտ՝ ապօրինի ձևով։

Վերոգրյալի հիման վրա պահանջում եմ․

ՀՀ արդարադատության նախարարից․

•անհապաղ դադարեցնել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ապօրինի գործողությունները,

•ապահովել իմ հեռախոսի վերադարձը,

•երաշխավորել իմ մասնագիտական անկախությունն ու փաստաբանական գաղտնիության պաշտպանությունը։

ՀՀ Գլխավոր դատախազից․

• սույն հայտարարությունը ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում,

• նախաձեռնել քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, մասնագիտական գործունեությանը խոչընդոտման և փաստաբանի գաղտնիության խախտման վերաբերյալ։

ՀՀ Փաստաբանների պալատից․

•գործարկել փաստաբանի պաշտպանության բոլոր մեխանիզմները,

•իրականացնել անկախ գնահատում այս շարունակական հետապնդումների վերաբերյալ։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից․

•սկսել անկախ, բազմակողմանի քննություն,

•այցելել Արմավիրի ՔԿՀ,

•ուսումնասիրել փաստաբանների նյութերի պահման և հասանելիության կարգը,

•հրապարակել հայտնաբերված համակարգային խախտումների վերաբերյալ եզրակացություն։

Այսօրվա դեպքը հանդիսանում է ինստիտուցիոնալ հետապնդման հերթական և վտանգավոր դրսևորում։ Այս քայլերը միտված են՝ լռեցնելու ինձ, խոչընդոտելու իմ պաշտպանական գործունեությունը, վախի մթնոլորտ ստեղծելու բոլոր փաստաբանների համար, ովքեր ներկայացնում են քաղաքական գործեր և ներկայացնում են կալանքի պայմանները։

Պահանջում եմ նշված բոլոր մարմինների անհապաղ միջամտությունը։

Զարուհի Փոստանջյան

30 նոյեմբերի, 2025թ.

Leave a Comment