Միքայել և Բագրատ Սրբազանները հայտարարությամբ են հանդես եկել և աջակցություն հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին

Միքայել և Բագրատ Սրբազանները հայտարարությամբ են հանդես եկել, որով դատապարտել են եպիսկոպոսների հայտարարությունը և աջակցություն հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին։

«Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետևյալ հայտարարությունը.

ա) դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը և ընթացքը դավադիր, գաղտագողի վարքով,

բ) դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ հայրենադավ և դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ գործիք դառնալով նրանց ձեռքին,

գ) մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում և ատյաններում,

դ) դիմում ենք Վեհափառ Հայրապետին, անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով` քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը:

Միևնույն ժամանակ պնդելով ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը:

Աղոթում ենք, հույս և համոզում ենք հայտնում, որ Վեհափառ Հայրապետն ամուր և անսասան կմնա, և որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը ևս: «Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց, որովհետև համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ ներկա և ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ոչ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է» (Հռոմ. ը- 37:39)»,-նշված է հայտարարությամբ։

Leave a Comment