Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 500 երեխաներ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ հյուրընկալվել են «Տաշիր» արենայում և դիտել են Eternia շոուն:
Երեխաները նաև հանդիպել են «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ: Կարապետյանը նշել է, որ երեխաները «մեկը մեկից լուսավոր էին»։
Նա նաև պատմել է, որ երեխաներից մեկը՝ Ամալյա անունով աղջիկը ծնվել է Վանաձորում Սամվել Կարապետյանի ներդրումներով կառուցած ծննդատանը։
«2015-ին Վանաձորի նախկին ծննդատունը շատ վատ վիճակում էր։ Միայն բժիշկների պրոֆեսիոնալիզմի արդյունքում էր հնարավոր լինում ապահովել նորմալ բուժօգնություն։ Սամվել Կարապետյանը և հայրս որոշեցին Վանաձոր քաղաքի համար կառուցել նոր ծննդատուն։ 2018-ին ծննդատունը բացվեց, և առաջինը ծնվեց այս ամաչկոտ աղջնակը, ում ծնողները Կարապետյանների մոր պատվին անվանակոչեցին Ամալյա», — նշել է Կարապետյանը։
«Տաշիր Արենա» մշակութային և զվարճանքի համալիրի բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին Երևանում։ Բացումն ազդարարվել է Eternia շոուի պրեմիերայով, որը դարձել է միջոցառման պայծառ կետն ու Երևանի կրկեսի նոր դարաշրջանի խորհրդանիշը, որն այժմ իր տեխնիկական հագեցվածությամբ և հնարավորություններով չի զիջում աշխարհի առաջատար արենաներին։
