ՀԱԵ Ռուսաստանի թեմը դատապարտել է որոշ եկեղեցականների «պառակտիչ մոտեցումները» և Կաթողիկոսի դեմ հայտարարությունը

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը դատապարտել է իշխանությունների հակաեկեղեցական արշավը և որոշ եկեղեցականների որդեգրած «կանոնազանց և պառակտիչ մոտեցումները»։

Հայտարարության մեջ ընդգծվել են այն  մոտեցումները, որոնք ՀԱԵ Ռուսաստանի թեմի ներկայացուցիչները դատապարտում են. ձեռնադրությամբ կամավոր ստանձնած ուխտադրության դավաճանությունը, ուղիղ վարդապետությունից շեղումը, Սուրբ Պատարագի խորհուրդի կամայական աղճատումը, փաստացի հրաժարումը օրինավոր, ազգընտիր Հայրապետին ընդունելուց, Հայաստան և Արցախ աշխարհների համար աղոթքից։

«Մենք՝ Տիրախնամ թեմի հոգևոր սպասավորներս, մեր որդիական խոնարհումն ենք բերում և հայտնում  անսակարկ հավատարմությունն ու նվիրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և ազգընտիր գահակալ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ անշեղորեն  իրականացնելու հոգեխնամ մեր առաքելությունը հայ հոգևոր և ազգային անդաստանում», – ասված է հայտարարության մեջ։

Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ներկայացուցիչները դատապարտել են իշխանությունների հակաեկեղեցական արշավը և որոշ հոգևորականների կողմից որդեգրված «ոչ կանոնիկ և պառակտիչ մոտեցումները»։

Դատապարտող հայտարարությանը միացել են թեմի բոլոր քահանաները, բացառությամբ քահանա Հակոբ Սարոյանի (Տեր Հակոբ քհն. Սարոյանի), ով եպիսկոպոս Գևորգ Սարոյանի եղբայրն է, որը նոյեմբերի 27-ին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Հոգևորականներն ընդգծել են, որ Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ և 18-րդ հոդվածի 2-րդ կետերը խախտած, երկրի օրենսդրությունը ոտնահարած իշխանությունների հետ գաղտնի գործարքների մեջ մտնելը և իշխանության կողմից միջամտությունը եկեղեցական ներքին կանոնակարգին օրինականացնելը ևս չի կարող ընդունելի համարվել։

Թեմը կոչ է արել հավատարիմ մնալ Մայր Եկեղեցու միասնականությանը և հոգևոր ուխտին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հանդիպել էր եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք նախկինում, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետին դատապարտող հայտարարություն: Հանդիպմանը մասնակցել էին արքեպիսկոպոսներ Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը, Վազգեն Միրզախանյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Նավասարդ Կճոյանը, Առաքել Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը։ Հանդիպմանը մասնակցած արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները նոյեմբերի 29-ին կոչ էին արել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։

Leave a Comment