Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարած...

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման շուրջ մամուլում հրապարակվող լուրերի և սոցիալական ցանցերում քննարկումների վերաբերյալ։ 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օրերս հայտարարել էր, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մեկնարկի համար հատկացված 9,6 մլրդ դրամից մնացել էր 1.6 միլիարդ դրամը, որն էլ այս տարի վերաբաշխվել է ու ուղղվել Երևանի հանրային տրանսպորտի համար 45 նոր տրոլեյբուսների ձեռքբերմանը։ Ավինյանն ասել էր, որ «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը անկախ Հայաստանի պատմության ամենաբարդ նախագծերից է, միայն դրա պարզ փորձաքննությունը տևել է մոտ մեկ տարի, ուստի իրատեսական չի եղել, որ հատկացված միջոցներից մնացած 1.6 միլիարդ դրամը կծախսեին այս տարի։ Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ ծրագրի համար Երևանի 2026 թվականի բյուջեով հատկացվել է 2 միլիարդ դրամ։ Դրանից հետո մամուլում և սոցիալական ցանցերում խոսակցություններ ու լուրեր  են շրջանառվում, որ «Աջափնյակ» կայարանը չի կառուցվելու։

Թեմայի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ ասված է. 

«Սիրելի երևանցիներ, ի պատասխան մամուլում տարածված կեղծ տեղեկատվության, տեղեկացնում ենք.

2025թ. պետական բյուջեով հաստատված միջոցներից Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանին հատկացվել է 9,640,000.0 հազ. դրամ, որից 3-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի համար «Մետրոգիպրոտրանս» ԲԸ-ին վճարվել է 765,100.0 հազ. դրամ:

Հետագայում կատարվել են մետրոյի կառուցման ծրագրի նվազեցումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի համալիր փորձաքննությունը ստացվել է 2025թ. հունիսի 9-ին:

Քանի որ ծրագրի իրականացման հաջորդ փուլի աշխատանքները պայմանավորված են նախագծի վերջնական հաստատման հետ և այնուհետև շինարարական աշխատանքների գնման գործընթացների ընթացակարգերից, ուստի նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործումն ընթացիկ տարում իրատեսական չի եղել:

Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով դրանք վերաբաշխվել են և ուղղվել այլ միջոցառումների իրականացմանը:

Պետական բյուջեի մասին 2026թ. օրենքով մետրոյի կառուցման համար նախատեսվել է 2,000,000.0 հազ. դրամ՝ կառուցման մեկնարկի ու նախապատրաստական աշխատանքների համար:

Հետագայում փուլ առ փուլ այս միջոցները կավելացվեն»: 

Leave a Comment