Ինչպե՞ս հայտնվեց տոնածառը, ի՞նչ է այն խորհրդանշում, ինչի՞ հետ է կապված տոնածառը զարդարելու ավանդույթը. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Մեր օրերում Ս. Ծննդյան տոնի և Ամանորի անբաժան խորհրդանիշն է տոնական զարդարված տոնածառը, որը, սակայն, երկար ճանապարհ է անցել` մինչև մեզ հասնելը:
Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերով, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստվածային նախախնամության անիմանալիություն, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:

Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մարդկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:
Ինչպես են զարդարել տոնածառը հայերը
Ամանորի տոնածառը հայկական ավանդությամբ դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի: Նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն: Տանտերը Կաղանդի ծառը նաև տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել տուն:
Եղևնու հայտնվելու պատմությունը
Ս. Ծննդյան տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը վերագրվում է Գերմանիային՝ 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին իրենց տուն: Ոմանք տոնածառը պատրաստում էին փայտից և զարդարում մշտադալար բույսերով և մոմերով: Աստիճանաբար տոնածառի ավանդույթը տարածվեց Եվրոպայի տարբեր երկրներում:
Եվրոպայում Ս. Ծննդյան տոնի ծառն իր անմիջական նախորդն ունի: Դա փայտե կառույց էր` բուրգի տեսքով, որի վրա կախված էին բույսեր և զարդարանքներ: Նվերները կամ քաղցրավենիքը դրվում էին բուրգի դարակներին: Մինչև տոնածառի հայտնվելը նման բուրգը Գերմանիայում և Հյուսիսային Եվրոպայում համարվում էր Ս. Ծննդյան տոնի գլխավոր զարդը:

Ս. Ծննդյան տոնածառի մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 16-րդ դարին: Օրինակ, 1561 թվականին թվագրված գերմանական աղբյուրում ասվում է, որ Ս. Ծննդյան տոնին տանը չի կարող լինել մեկից ավելի տոնածառ: 17-րդ դարում արդեն տոնածառը Գերմանիայում և Սկանդինավյան երկրներում դարձավ Ս. Ծննդյան տոնի առաջին ատրիբուտը:
Ս. Ծննդյան տոնածառն Ամերիկա տարան գերմանացի վերաբնակիչները, ինչպես նաև հանուն անկախության պատերազմին մասնակից վարձկանները: 16-րդ դարում Գերմանիայում տոնածառը զարդարում էին փոքրիկ ֆիգուրներով և գունավոր թղթերից կտրատված ծաղիկներով, խնձորներով, վաֆլիներով, ոսկեզօծ առարկաներով, շաքարով:
Ընդհանրապես, տոնածառը զարդարելու ավանդույթը կապված է դրախտի` խնձորներով զարդարուն ծառի հետ: Տոնածառի հաջողությունը բողոքական երկրներում ավելի մեծ էր` շնորհիվ լեգենդի այն մասին, որ Մարթին Լյութերն առաջինն էր մտածել տոնածառի վրա մոմեր վառել: Մոմերի փոխարեն էլեկտրական լուսաշղթաների կիրառման գաղափարն անգլիացի հեռախոսավար Ռալֆ Մորիսինն է:
Էլեկտրական լուսաշղթաներով առաջին տոնածառերը հայտնվեցին Ֆինլանդիայում 1906 թ.-ին: Քանի որ առաջին տոնածառերը զարդարված էին բնական ծաղիկներով և մրգերով, իսկ ավելի ուշ ավելացան քաղցրավենիք, ընկույզ և տոնական մոմեր, ապա նման բեռն անշուշտ ծանր էր ծառի համար: Դրա համար էլ գերմանացի ապակի փչող բանվորները սկսեցին արտադրել սնամեջ ապակե խաղալիքներ տոնածառի համար` փոխարինելու մրգերին և այլ ծանր զարդարանքներին:
Լուսանկարը գեներացված է արհեստական բանականության (AI) գործիքով։