Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված և Ներքին գործերի նախարարության կողմից մշակված նախագիծը, որով առաջարկվում է ընդհանուր բաժնի թեստավորումը, ֆիզիկական պատրաստականության ստուգումը, կրակային պատրաստականության ստուգումը, մասնագիտական բաժնի թեստավորումը և հարցազրույցի ընթացքի տեսաձայնագրումը, իսկ տեսաձայնագրությունը պահպանել մինչև ատեստավորման արդյունքները և կայացված գրավոր եզրակացությունը վերադասության կարգով բողոքարկելու կամ դատական կարգով հայց ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետների լրանալը:
Ինչո՞վ է պայմանավորված նախագծի ընդունումը
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացն առավել թափանցիկ, ատեստավորման արդյունքների և գրավոր եզրակացության բողոքարկման գործընթացն առավել փաստահեն դարձնելու, ինչպես նաև՝ ատեստավորման հանձնաժողովի կազմում ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացվածության աստիճանը նվազեցնելու և հասարակական կազմակերպությունների ներկայացվածության աստիճանն ավելացնելու նկատառումներով:
Գործող կարգավորումների համաձայն՝ ատեստավորման ոչ բոլոր փուլերում է իրականացվում տեսաձայնագրումը, և չկա պահանջ՝ տեսաձայնագրությունը որոշակի ժամկետով պահպանելու համար: Բացի այդ, գործող կարգավորումների համաձայն, ատեստավորման հանձնաժողովի 12 անդամներից 7-ը ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ են:
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Ակնկալվում է առավել թափանցիկ դարձնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացը, առավել փաստահեն դարձնել ատեստավորման արդյունքների և գրավոր եզրակացության բողոքարկման գործընթացը, ինչպես նաև՝ նվազեցնել ատեստավորման հանձնաժողովի կազմում ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացվածության աստիճանը և ավելացնել հասարակական կազմակերպությունների ներկայացվածության աստիճանը:
Ի՞նչ է առաջարկվում սահմանել
Ընդհանուր բաժնի թեստավորումը, ֆիզիկական պատրաստականության ստուգումը, կրակային պատրաստականության ստուգումը, մասնագիտական բաժնի թեստավորումը և հարցազրույցի ընթացքի տեսաձայնագրումը, իսկ տեսաձայնագրությունը պահպանել մինչև ատեստավորման արդյունքները և կայացված գրավոր եզրակացությունը վերադասության կարգով բողոքարկելու կամ դատական կարգով հայց ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետների լրանալը:
Ինչ վերաբերում է ատեստավորման հանձնաժողովի կազմին
Նախագծով առաջարկվում է 2 անդամով նվազեցնել ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացվածությունը և 2 անդամով ավելացնել հասարակական կազմակերպությունների ներկայացվածությունը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- Բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի«Օրենքի և իրավունքի դիկտատուրան, իրավակարգը» պարբերությունից։
Համաձայն որի՝ իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ներքին անվտանգության ապահովման կարևոր գործոն են:
Անկախ և հանրային վստահություն վայելող դատական համակարգը, արդյունավետ և որակյալ նախաքննությունը, հանրային վստահություն վայելող դատախազությունը, ժամանակակից, շարժունակ ու արհեստավարժ ոստիկանությունը պիտի ապահովեն Կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը:
- Նույն ծրագրի 5.4-րդ գլխումնշված է նաև, որ ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, բարեվարք, մասնագիտացած ու տեխնիկապես հագեցած ոստիկանության վերափոխման միջոցով հասարակական անվտանգության ապահովման նոր որակի ստեղծումն է:
Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է շարունակել սկսված համակարգային բարեփոխումները բոլոր ուղղություններով։
Ոստիկանության բարեփոխումներում կենտրոնական դեր է հատկացված ոստիկանական գործող մասնագիտական կրթական ծրագրերի և պետական կրթական չափորոշիչների վերանայմանն ու կրթական միջավայրի բարեփոխմանը, որը հնարավորություն կտա ոստիկանական ստորաբաժանումները համալրել որակապես նոր և առաջադիմական կրթական ծրագրերով ուսուցում անցած և վերապատրաստված կադրերով, որը բարեփոխումների հաջողման կարևոր գրավական է:
Կարևոր է․ Ոստիկանության ծառայողների վերապատրաստման արդյունքներով ատեստավորման օբյեկտիվ հնարավորությունը:
Ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով համակողմանիորեն վերանայվելու է ոստիկանության ծառայողների վարձատրության հարցը, սահմանվելու է արժանապատիվ վարձատրության չափ, որը մի կողմից գրավիչ կդարձնի ոստիկանությունում ծառայությունը, մյուս կողմից երաշխիք կհանդիսանա ծառայողներին կոռուպցիոն դրսևորումներից հնարավորինս զերծ պահելու հարցում:
Բյուջետային ազդեցությունը
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի։