2025 թ-ին Լոռե բերդաքաղաքում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը շարունակել է 2022-ից սկսված վերականգնողական ու հնագիտական աշխատանքները։ Պեղումներն արժեքավոր գտածոներ են հայտնաբերել։ Հայտնաբերվել են արքայական բաղնիք ու ջրավազաններ՝ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերով, մեծաթիվ խեցեղեն իրեր։ Հնագետներն ամենաբացառիկը սիրամարգի պատկերով շքաղյուսն են համարում, ինչը վկայում է տեղանքի արքայանիստ լինելը, իսկ միջնադարյան գաղտնուղին նորովի է բացահայտում ժամանակի ճարտարապետությունը։
2022-ից մեկնարկած վերականգնողական աշխատանքներն ու հնագիտական պեղումները Լոռե բերդաքաղաքում ավելի ու ավելի ուշագրավ պատմական շերտեր են բացում։ Արշավախմբի ղեկավար, հնագետ Արման Նալբանդյանը «Ռադիոլուր»-ին ասում է՝ 2025 թ-ի պեղումները ևս արժեքավոր են։ Արքայական բաղնիք՝ իր լողասենյակներով, ջրավազաններ՝ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերով, մեծաթիվ ջնարակված ու հասարակ խեցեղեն իրեր։ Ամենաբացառիկը, ասում է, սիրամարգի պատկերով շքաղյուսն է, որպիսին դեռ չէր հանդիպել:
Արման Նալբանդյան․ «Տարածքում գտանք դեղին շքաղյուսի բեկորներ՝ սիրամարգի պատկերով։ Դա եզակի է, քանի որ սիրամարգի պատկերով շքաղյուսի բեկոր մինչ այժմ հայտնի չէր։ Բաղնիքը բավական շքեղ է եղել՝ ժամանակին պատված սպիտակ կրանյութով, և դրա վրա եղել են տարբեր գույներով շքաղյուսների պատկերներ, զարդագոտիներ։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ բաղնիքը, ինչքան էլ ձեռքից ձեռք է անցել, ինչքան նվաճողներ են եկել, փաստորեն, Կյուրիկյաններից հետո անցել է Զաքարյաններին, հետո սելջուկյան հարձակումներ, պարսկա-թուրքական տիրապետություն, նշանակությունը չի կորցրել։ Տվյալդեպքումգործունենքարդեն17-18-րդդարիպարսկա-օսմանյանտիրապետությանշրջանի հետ, ինչըցույցէտալիս, որայնժամանակևս բաղնիքներըկիրառվել են»։
Նույն արշավախումբը 2022-ին «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի պեղումների ժամանակ եկեղեցու ծածկասալեր, արձանագիր տապանաքար, խեցեղեն ու պարիսպների տակ գերեզմանաթմբեր էր հայտնաբերել։ Կյուրիկյանների գահակալության շրջանով՝10-12 րդ դարերով թվագրվող այս բաղնիքը, ասում է Արման Նալբանդյանը, բացի ժամանակաշրջանի տիպիկ նմուշ լինելուց, վկայում է, որ բարձրաստիճան տոհմի է պատկանել։ Տարածքից հարուստ ժառանգություն են հանել՝ ծխամորճ, ճրագաման, զարդեր, բյուզանդական կայսրերի մետաղադրամներ։
Պեղումների ընթացքը գնալով ավելի հետաքրքիր է դարձել՝ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն է «Ռադիոլուր»-ին պատմում։ Բաղնիքի վերականգնման համար տարածք բերված տեխնիկայի միջոցով բացվել է վաղ շրջանի քիչ հայտնի սալահատակ։
Հարություն Վանյան․ «Միհատվածնէմիայնբացվել, որը թույլ կտա այդ տեխնիկան ներս մտցնել բաղնիքի ամրակայման և ծածկի իրականացման համար աշխատանքները ավարտին հասցնելու, իսկ արդեն մյուս տարի պլանավորվում է ավելի մեծ ծավալի պեղումներ»։
Վերականգնողական աշխատանքին զուգահեռ՝ հնագետներին տպավորել է միջնադարյան ճանապարհի պեղումը՝ բերդաքաղաքի մուտքի պարսպի մոտ։ Պարսպի կենտրոնում բավական ուշագրավ գաղտնուղի է բացվել։ Արման Նալբանդյան․
«Այն գտնվում է պարսպի կենտրոնական հատվածում՝ մոտ 3-4 մետր բարձրության վրա։ Շատ հավանական է, որ գաղտնուղին օգտագործվել է ջրի մատակարարման կամ պաշարման ժամանակ դուրս գալու և այլ նպատակներով։ Շատ հետաքրքիր բացահայտում արվեց ամրոցի կամարակապ մուտքի մոտ, որտեղ պետք է հողաշերտ հեռացվեր։ Վերահսկողության արդյունքում նկատեցինք 2 սրբատաշ քար։ Որոշվեց այդ հատվածը ամբողջությամբ պեղել։ Աննախադեպ հայտնագործությունն էր Լոռի բերդում այն առումով, որ այդ տարածքը բազմիցս պեղվել է, բայց, փաստորեն, մինչև հիմքերը չեն պեղվել։ Երբ որոշեցինք բացել այդ 2 քարը, պարզվեց՝ դրանք բավական շատ են, ու մի ամբողջ սալահատակ ճանապարհ բացվեց, որն ունի իր եզրաքարերը։ Ճանապարհի մեջ օգտագործվել են տարբեր կոթողներ, տապանաքարերի, խաչքարի պատվանդանների բեկորներ, կամարաշար, որմնաքանդակներով ընտիր բեկորներ»։
Առաջարկվել է պատկան կառույցներին, որ պեղումները շարունակվեն, տարածքը ընդարձակվի, որ հնարավորինս ամբողջական ու տեսանելի դառնա ամրոցի հին ճանապարհը, որովհետ Լոռե բերդաքաղաքն ուսումնասիրման անվերջանալի նյութ ունի։
Վերջին 6 տարում հուշարձանների վերականգնման համար պետբյուջեից հատկացվել է 3,1 միլիարդ դրամ։ Հարություն Վանյանի խոսքով նախարարությունն առանձնակի կարևորում է մշակութային տարածքների պահպանությունը նաև տուրիզմի զարգացման տեսակետից։
«Լոռե բերդում գործում է տոմսային տնտեսություն։ Նախորդ տարի սկսվեց և այս տարի ավարտվեց նաև զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կառուցումը տարածքում, որը շուտով կբացվի, որտեղ անհրաժեշտ ենթակառուցվածքները կլինեն զբոսաշրջիկների սպասարկման համար»։
Չնայած տեղանքն այսչափ հարուստ պատմական ժառանգություն է ամփոփում, մինչև օրս Լոռե բերդաքաղաքը թանգարան չունի, որն այս անգին նմուշների ցուցադրության լավագույն վայրը կդառնար՝ ցավով ասում է հնագիտական արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանը։ 2022-24 թվականների արժեքավոր գտածոների մեծ մասը ժամանակավոր ցուցադրության է հանձնվել Լոռի- Փամբակի երկրագիտական թանգարանին։ Առաջիկայում դրանք կհամալրվեն հետազոտված ու վերականգնված այլ արժեքավոր նմուշներով ևս։