Սոմալիի մի քանի քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչման դեմ։
Հազարավոր ցուցարարներ երթով անցել են Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի փողոցներով և հավաքվել մարզադաշտում: Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են Իսրայելի դեմ կարգախոսներով պաստառներ, նաև Սոմալիի և Պաղեստինի դրոշները։
«Մենք երբեք թույլ չենք տա որևէ մեկին խախտել մեր ինքնիշխանությունը», — AFP-ին ասել է ցույցի մասնակիցներից մեկը՝ Ադան Մուհիդինը՝ հավելելով, որ Իսրայելի գործողությունները «միջազգային իրավունքի կոպիտ խախտում» են։
Ուրբաթ օրը Իսրայելը հայտարարել է, որ Սոմալիլենդը, որը անկախություն է հռչակել 1991 թվականին, բայց երբեք չի ճանաչվել որևէ այլ երկրի կողմից, համարում է «անկախ և ինքնիշխան պետություն»։
Սոմալիլենդի հետ պաշտոնական հարաբերություններ հաստատելու Իսրայելի որոշումը վերջին մի քանի օրերի ընթացքում դատապարտվել է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Թուրքիայի, Եվրոպական և Աֆրիկյան միությունների կողմից։
Ինքնահռչակ Սոմալիլենդի Հանրապետությունը ձևավորվել է 1991 թվականին՝ Սոմալիի բռնապետ Սիադ Բարեի դեմ պատերազմի ժամանակ։ Այնտեղ բնակվում է մոտավորապես 6.2 միլիոն մարդ՝ Սոմալիի բնակչության մեկ երրորդը։ Տարածաշրջանը գտնվում է Ադենի ծոցի ափին, ռազմավարական դիրքում և ունի իր սեփական ոստիկանությունը, արժույթը և անձնագրերը։