«Քիչ հավանական է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ընտրեն վրացական միջնորդությունը, քանի որ այսօր արդեն տրամաբանությունը երկկողմանի բանակցությունների մեջ է»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետի՝ հայ–ադրբեջանական բանակցություններում միջնորդի դեր ստանձնելու առաջարկին։
«Որոշ շրջանակներում արդեն տեսակետ կա, և ես ևս կիսում եմ այդ կարծիքը, որ արդեն այս գործընթացին որևէ երաշխավոր երկրի միջնորդության կարիք կա, քանի որ Ալիևի մաքսիմալիստական մոտեցումն ավելի է բարդացնելու այս գործընթացը։ Շատ կարևոր կետեր կան չհամաձայնեցված, և Բաքվի կողից առաջ քաշվող նախապայմաններ, որոնք ցույց են տալիս, որ Ալիևը շահագրգռված չէ խաղաղությամբ և կայունությամբ»,–նշեց վրացագետը։
Վրացագետի խոսքով, Վրաստնի առաջարկը ողջունելի է, և պետք է արձանագրել, որ Արևմուտքի աջակցությամբ Վրաստանն առաջիններից էր, որը հարթակ տրամադրեց, և հանդիպում տեղի ունեցավ։
«Վրաստանի միջնորդությամբ և տարածքով 2021 թվականին ռազմագերիների առաջին խումբը վերադարձավ Հայաստան։ Այս պարագայում դիրքորոշումը չի փոխվել, բայց իրավիճակն է փոխվել, կա երաշխավոր խոշոր պետության անհրաժեշտությունը՝ ինչպիսին են Ռուսաստանը կամ ԱՄՆ–ն, որոնք տարածաշրջանում լուրջ ազդեցություն ունեն»,–ասաց Ջոնի Մելիքյանը։
Հարցին, թե ինչու՞ մինչ օրս հայ–վրացական սահմանի սահմանազատումը ավարտին չի հասել, նա պատասխանեց.
«Իմ կարծիքով այստեղ ավելի լայն է հարցը՝ հայ–վրացական օրակարգից դուրս է. Վրաստանն Ադրբեջանի հետ ունի նման խնդիր։ Այս պարագայում, իմ ենթադրությունն է, որ ունենալ առաջընթաց ընդամենը մեկ տարի առաջ ռազմավարական գործընկեր դարձած Հայաստանի հետ, և չունենալ առաջնընթաց ավանդական ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ, ավելի կբարդացբեր հարցը։ Իմ կարծիքով այդ վրաց–ադրբեջանական գործընթացը ևս իր շողքն է թողել մեր գործընթացի վրա։ Կան տեղանքային խնդիրներ, գյուղեր, որտեղ որտեղ սահմանը պետք է անցկացվի այնպես, որ ապահովվի գյուղերի բնականոն կյանքը, փոխզիջման տարբերակներով պետք է տարածքների փոխանակումներ լինեն»,–ասաց վրացագետը։
Ջոնի Մելիքյանի խոսքով, երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի էլիտաները պետք է քաղաքական պատրաստակամություն ունենան, որպեսզի սահմանազատման գործընթացը ընթանա այնպես, ինչպես հարկն է։
«Գործընթացը չպետք է միակողմանի լինի, ինչը կասկածելի է, կամ օկուպացված է, պետք է վերադարձվի համապատասխան պետությանը։ Հայաստանն ունի ավելքի քան 250 կմ քառակուսի՝ օկուպացված Ադրբեջանի կողմից։ Կան վրաց–ադրբեջանական սահմանի որոշ հատվածներ, որոնք Սահակաշվիլիի օրոք ապօրինի անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ»,–հավելեց նա։
Վրացագետի համոզմամբ, Վրաստանի օրակարգում տարածաշրջանային երկրների հետ կայուն հարաբերություններն առաջնային են, քանի որ Արևմուտքի հետ հարաբերությունները բավական բարդ են։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանը մտադիր է միանալ Սև ծովի հատակով կառուցվելիք էլեկտրաէներգիայի մատակարարման մալուխի ծրագրին, վրացագետն ասաց.
«Իրատեսական է, բայց մենք գիտենք, որ Բաքուն բավականին կոշտ դիրքորոշում ունի այս առումով, և ցանկություն չունի Հայաստանին թույլ տալ այս ամենին մասնակցելու։ Ուստի այստեղ արդեն հայ–վրացական օրակարգն է, նաև Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգը պիտի լինի, որ այս նախագիծը Հայաստանի համար բաց լինի, և հայկական էլեկտրաէներգիան արտահանվի ԵՄ անդամ երկրներ»։