Վարդան Ղուկասյանը դատարանում հանդես է եկել հայտարարությամբ․ «Ոչ թե ես քցում եմ նրանց վրա, այլ, որ դրանց բացատրությունները հարյուր տոկոսանոց կան»

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հունվարի 31-ին, դատավոր
Մերի Մոսինյանի նախագահությամբ շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան
Ղուկասյանի և ևս 4 ամբաստանյալների գործով նախնական դատական նիստը։

Նշենք, որ այս գործով պաշտպանության կողմն ի սկզբանե առարկել է
նիստի տեսանկարահանմանն ու լուսանկարահանմանը:

Գործում առկա գրավոր ապացույցները վերաբերում էին Գյումրի քաղաքի
տարբեր տարածքների զննության արձանագրություններին։ 2021 թվականին առկա
ապացույցներով զննության է ենթարկվել Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգին։

Արձանագրությամբ ներկայացվել է տարածքի ընդհանուր տեսքը, այն
շենք-շինությունները, որոնք առկա են եղել այնտեղ, այդ թվում՝ «Թումո»
տեխնոլոգիական կենտրոնի շենքը։

Մեղադրյալ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը
հայտնեց, որ զբոսայգու
մեջ
գտնվող «Օազիս» ռեստորանի շենքը անշարժ գույք չի համարվում և օրինական է համարվում:
«Այստեղ ո՞րն է էական, «Օազիսը» բետոնե կոնստրուկցիաներով չի
պատրաստված, այն մետաղական կոնստրուկցիաներով հավաքված ինչ-որ կառույց է և չի
համարվում անշարժ գույք։ Շատրվանը, որը գտնվում է «Օազիսի» դիմաց, եղել է տարիներ
շարունակ, այսինքն՝ այդ բետոնե հատվածը, որը հայտնաբերվել է դեպքի վայրի
զննությամբ, եղել է խորհրդային տարիներին»,- ասաց պաշտպանը։

Պաշտպանն
ասաց, որ բետոնե այդ հատվածը կապ չունի ո՛չ իր պաշտպանի, ո՛չ էլ նրա եղբոր հետ։

Զննություն
է իրականացվել նաև Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցում, որտեղ առկա է եղել քարաշեն
շինություն, աջ հատվածում՝ կանաչապատ տարածք։

Վարդան
Ղուկասյանի պաշտպանը հայտարարեց՝ զննության արձանագրության մեջ առհասարակ չի
նշվել, թե ինչ քրեական գործի համար է այն իրականացվել։ Պաշտպանության կողմը
ներկայացված ապացույցի վերաբերյալ վիճարկեց տարածքում կանաչապատ հատվածի
առկայության հանգամանքը՝ նշելով, որ այդ տարածքում մշտապես կառուցապատված շենքեր
են եղել։

Գյումրի
քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 31-րդ հասցեի զննությամբ նշվել է, որ այնտեղ ազատ տարածք
է եղել, ինչը չի սահմանափակվել հարևանությամբ կառուցված տարածքների
շինություններից, իսկ մյուս հողատարածքները ծանրաբեռնված են եղել այլ
շինություններով։

Մեղադրյալ
Վարդան Ղուկասյանի պաշտպանն այս ապացույցի վերաբերյալ հայտնեց՝ իր վստահորդը նշված
տարածքի հետ որևէ առնչություն չունի, այն օտարվել է բացառապես մասնագետների կողմից
տրված եզրակացության հիման վրա։

Հայտարարությամբ
հանդես եկավ նաև մեղադրյալ Վարդան Ղուկասյանը.
«Քաղապետարանն է քաղաքի հատակագծի տերը, ինքն իրավունք ուներ փոփոխություններ անելու՝ էդ կառույցների
համապատասխան փաստաթղթերը ընդգրկելով.
կա՞ն էդ փաստաթղթերը, որ առգրավել է Դատախազությունը, ոչ մեկի մեջ չկա՞ն այդ փաստաթղթերը, եթե չկան, ես բարձրաձայն ասում եմ՝ ուրեմն փաստաթղթերը դիտավորյալ հանել են մեջից, որովհետև էդպես է, քաղաքապետարանն իրավունք ունի 60 հոդվածով փոփոխություններ անելու»։

Նրա խոսքով՝
2006 թվականին, երբ ընդունվել է քաղաքի հատակագիծը, գրվել է, որ այն ենթակա է
փոփոխման, 2023 թվականին նոր հատակագիծ են ներկայացրել, որով տարածքների
մեծամասնությանը տրված է եղել շենք-շինություն կառուցելու համար, օրինակ՝
Սայաթ-Նովայի տարածքը տրված է եղել միայն շինություն, բնակելիներ կառուցելու
համար։

Ղուկասյանը
հայտնեց՝ 2023 թվականի հատակագիծը գործի նյութերի հետ պետք է  համեմատել.
«Ես առաջարկում եմ քաղաքի գլխավոր ճարտարապետը ներգրավվի էս գործին, գա, ինքը բացատրությունները
տա, իր մոտ է հատակագիծը, և բոլորի բացատրությունները կարող է հատիկ-հատիկ…
Էն ժամանակ իրենց մոտ է եղել, մի տեղ է եղել քաղաքի հատակագիծը, ու նրանք են եզրակացությունները տվել, էսօր քաղաքապետին մեղադրել դրա համա՞ր, քաղաքապետը ոչ մի բանից
տեղյակ չի եղել, նա պիտի գա, բացատրի, ոչ թե ես քցում եմ նրանց վրա, այլ, որ դրանց
բացատրությունները հարյուր տոկոսանոց կան, նրանք չէին կարող սխալ բան անել»։

Հիշեցնենք,
որ ըստ գործի նյութերի՝ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ
հիմքերով

Նա,
1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 12-ը հանդիսանալով
Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի
37-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքաշինության բնագավառում իրականացնելով հետևյալ
պարտադիր լիազորությունները՝ ի թիվս այլնի՝ կազմել է համայնքի բնակավայրի
քաղաքաշինական գլխավոր հատակագծի նախագիծը և համայնքի հողերի գոտիավորման ու
օգտագործման սխեման, համապատասխան մարզպետի միջոցով, պետական լիազորված մարմնի հետ
համաձայնեցնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում

  • ներկայացրել է
    համայնքի ավագանու հաստատմանը,
  • կազմել համայնքի
    առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների գոտիավորման մանրամասն
    հատակագծման, հողաշինարարական և կառուցապատման նախագծերը, դրանք ներկայացրել
    համայնքի ավագանու հաստատմանը,
  • կազմել է համայնքի
    քաղաքաշինական կանոնադրությունը, դա ներկայացրել համայնքի ավագանու
    հաստատմանը,
  • կառուցապատողներին
    տվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցնել
    ճարտարապետաշինարարական նախագծերը,
  • սահմանված կարգով
    տվել է շինարարության (քանդման) թույլտվություն, ձևակերպել շինարարության
    ավարտական ակտերը, համայնքի սեփականություն համարվող գույքը, քաղաքաշինական
    գլխավոր հատակագծին, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմային
    համապատասխան,
  • աճուրդային եղանակով
    օտարել է և օտարվող գույքի մեկնարկային գինը սահմանելու մասին որոշման
    նախագծերը ներկայացրել ավագանու հաստատմանը,
  • համայնքի ավագանու
    սահմանած կարգով որոշում է կայացրել համայնքի սեփականություն համարվող
    գույքը, համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին, հողերի գոտիավորման և
    օգտագործման սխեմային, ինչպես նաև ավագանու սահմանած վարձակալության վճարներին
    համապատասխան, վարձակալության տրամադրելու և հետ վերցնելու մասին,
  • կանխել և կասեցրել է
    ինքնակամ հողազավթումը և շինարարությունը, իր որոշմամբ անմիջապես ձեռնարկել
    համապատասխան գործողություններ և մեկամսյա ժամկետում, օրենքով սահմանված
    կարգով, ապահովել դրանց հետևանքների վերացումը, սույն բնագավառում
    իրականացնելով պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները՝
    քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի գոտիավորման ու օգտագործման
    սխեմային համապատասխան միմիայն իր կնքած պայմանագրի համաձայն հատկացնել, հետ
    վերցնել, վարձակալության տրամադրել, իսկ օրենքով սահմանված կարգով և
    դեպքերում օտարել համայնքի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող
    հողերը։

 

Source link

Leave a Comment