Դատախազը ցմահ ազատազրկում է պահանջում Շամիրամ գյուղի սգո սրահում 4 անձի սպանած Թելման Քալաշյանի համար

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սուրեն Մնոյանի, հունվարի 30-ին, հնչել է եզդիաբնակ Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը սգո սրահում 4 հոգու սպանության գործով մեղադրող դատախազի մեղադրական ճառը։

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ,  ըստ մեղադրական ճառի՝ դատախազը պահանջել է Թելման Քալաշյանին դատապարտել ցմահ ազատազրկման և նախքան վերջնական վճռի հրապարակումը պահպանել նրա նկատմանամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը: Դատախազի ելույթից ամբաստանյալը բարկացել և եզդիերենով հայհոյանքներ է հնչեցնել տուժող կողմի և տուժողների իրավահաջորդների նկատմամբ:

Դատարանում իրավիճակն այն աստիճան է լարվել, որ դատական կարգադրիչները պատ են կազմել՝ դահլիճում ներկաների հնարավոր տեղաշարժը թույլ չտալու համար: Նախագահող դատավորը Թելման Քալաշյանի նկատմամբ նկատողություն է հայտարարել: «Իրեղեն ապացույցներ ճանաչված և ի պահ հանձնված ավտոմեքենաները վերադարձնել դրանց սեփականատերերին, իսկ հրազենը և ատրճանակը, ռազմամթերք հանդիսացող թվով 4 փամփուշտները թողնել ՀՀ ՔԿ փորձագիտական կոմիտեին ի տնօրինություն։ Սույն գործով դատական, վարույթային ծախսերի հատուցման պարտականությունը դնել Թելման Քալաշյանի վրա»,–մեղադրական ճառում պահանջեց դատախազը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Թելման Քալաշյանը 2017-ի օգոստոսի 1-ին Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում ապօրինի ձեռք բերված հրազենով սպանել է 4 մարդու, ևս 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, ով ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։ Այդպիսով՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։

Leave a Comment