
Իտալիայի Սենատի անդամները այսուհետև կարող են աշխատանքի գալ իրենց շների հետ։ Ինչպես հայտնում է Adnkronos գործակալությունը, Սենատի անվտանգության կանոնակարգերում համապատասխան փոփոխությունների ընդունումից հետո յուրաքանչյուր սենատոր, ինչպես նաև վարչակազմի աշխատակիցները, իրավունք են ստացել աշխատավայր բերել նաև իրենց ընտանի կենդանիներին՝ շներին։
Փոփոխությունները հնարավոր են դարձել Սենատի կին անդամ Միքայելա Բյանկոֆիորեի ջանքերի շնորհիվ․ նա կես տարի պայքարել է, որ իրավունք ստանա աշխատանքի բերել մոպս ցեղատեսակի իր շանը՝ Պագգիին։ Հոկտեմբերին նրան աջակցել է Սենատի նախագահ Իգնացիո Լա Ռուսան, ով գերմանական հովվաշուն ունի:
Մի քանի ամիս էլ անհրաժեշտ է եղել, որ անվտանգության կանոնակարգում փոփոխությունները հաստատվեն, ինչի արդյունքում շներին իրենց հետ աշխատանքի բերելու թույլտվություն են ստացել նաև սենատորների օգնականները, Սենատի վարչակազմի աշխատակիցները։ Յուրաքանչյուրն իրավունք ունի աշխատավայր բերել միայն մեկ շան՝ ներկայացնելով նրա անասնաբուժական անձնագիրը, անասնաբույժից տեղեկանք՝ շան՝ պատվաստված լինելու մասին։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: