Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ կայացավ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից եւ նրան փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը, որը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում:
Մեղադրող Թագուհի Հարությունյանը ներկայացրեց զննությունների արձանագրությունները, որոնց հետ կապված պաշտպանության կողմը ներկայացրեց իր մեկնաբանությունները եւ առարկությունները:
Վարդան Ղուկասյանի ներկայացուցչի խոսքով ամենամեծ խնդիրն այն է, որ ոչ մեղադրանքի ձեւակերպումից, ոչ գործի նյութերից իրենց եւ ողջամիտ դիտորդին պարզ չէ, թե ձեւակերպումները, կոնկրետ, խմբային շահը, ինչով է պայմանավորված: «Ասում են՝ Վարդան Ղուկասյանը կոնկրետ խմբային շահերից ելնելով «իքս» անձի օտարել է հողամաս այն դեպքում, որ քրեական գործով ոչ միայն չի հաստատվում, որ իմ պաշտպանյալը «իքս» անձի հետ որեւէ կապ ունի, այլ հաստատվում է՝ «իքս» անձը Վարդան Ղուկասյանին չի ճանաչում եւ Վարդան Ղուկասյանն էլ այդ «իքս» անձին չի ճանաչում: Եվ եթե նրանք իրար չեն ճանաչում, ապա հարց է առաջանում, թե որն է իրեն անծանոթ անձին հողամասը օտարելու հանցավոր շահը: Որեւէ մեկը չի ասում, որ Վարդան Ղուկասյանը գումարի դիմաց ինչ-որ գործողություն է կատարել, այլ ասվում է՝ լիազորությունները չարաշահել է ինչ-որ շահերից ելնելով: Ինչ-որ շահերից ելնելով ձեւակերպումն ինքնին արդեն ապօրինի է: Պետք է հիմնավորվաի շահը, որպեսզի հասկանանք՝ դա հանցավո՞ր է, թե հանցավոր չէ»:
Քանի որ նախապես համաձայնեցված դատական այլ նիստ կար, նախագահող դատավորը այսօրվա նիստը հետաձգեց: Ապացույցների հետազոտումը կշարունակվի փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: