[ad_1]
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը
– Պարո՛ն Ներսիսյան, «Սիվիլնեթի» վերջերս կատարած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ռազմարդյունաբերության բյուջեն 2024-ին կատարվել է ընդամենը 25%-ով, ինչը նշանակում է, որ Կառավարությունը չի կարողացել ապահովել ոլորտի բյուջեի կատարողականն ամբողջությամբ: Ինչի՞ հետևանք է սա, ի՞նչ հանգամանքներից ելնելով է նման պատկեր արձանագրվում:
– Դա բոլոր ոլորտների պետական բյուջեի ծախսերին է վերաբերում, միայն պաշտպանականը չէ, ու այդ խնդիրը նոր չէ, մի քանի տարի է՝ ինչ չի ստացվում իրականացնել պլանավորված բյուջեն, որն առաջին հերթին կապված է նրա հետ, որ չի ստացվում այդ քանակի պրոյեկտներ մշակել ու իրականացնել: Պետական մեքենայի ռեսուրսը չի բավարարում դրա համար, սա լուրջ խնդիր է, ու պետք է անպայման ջանքեր գործադրել, որ դրանք չկրկնվեն:
– Կոնկրետ ռազմական ոլորտում չստացվելու պատճառները որո՞նք են, ու արդյոք պատկան մարմինները իրենց պոտենցիալը հաշվի չե՞ն առնում, երբ իքս չափի գումար են հատկացնում դրան:
– Ռազմարդյունաբերության դեպքում խնդիրն այն է, որ կան բավականին մեծ թվով ոչ պետական ընկերություններ, որոնք ավելի ճկուն են, ու նրանց հետ աշխատելն ավելի հետաքրքիր է, քան, օրինակ՝ պետական բյուջեի հետ, որն այդ ուղղությամբ գումար է հատկացնում:
– Այսինքն՝ նկատի ունեք, որ մասնավորն ավելի մրցունակ է, քան պետակա՞նը:
– Այո՛, բայց այստեղ խոսքը կարծես թե զենքի մասերի մասին է, գնումները ՊՆ-ն է անում, ու այդտեղ մենք տվյալներ չունենք, մենք միայն գիտենք, թե պատվերը որքա՛ն է, բայց չենք կարող իմանալ, թե որքանն է իրականացվել:
– Պարո՛ն Ներսիսյան, ո՞րն է ոլորտում թերի կատարողականի հետևանքը:
– Բացասական կողմը շատ ակնհայտ է. Հայաստանը զարգացման փուլում է գտնվում, բազմաթիվ խնդիրներ կան երկրում, ու բավականին արդյունավետ ներդրումների տեղ շատ կա: Եթե մենք չենք կարողանում իրականացնել, օրինակ՝ բյուջեի 10 տոկոսը, ապա կորցնում ենք բավականին մեծ տնտեսական աճ: Ամենամեծ խնդիրը սա է:
– Անդրադառնալով իմ նախորդ հարցերից մեկին՝ երբ պատկան մարմինները դուրս են գրում իքս չափով գումար, իրենք չգիտե՞ն, թե որքան է իրենց պոտենցիալը, ու ինչ չափի բյուջեն կարող են ամբողջությամբ կատարել, որպեսզի ավել գումար չգրեն:
– Իմաստ չեմ տեսնում, ճիշտն ասած, ավել գրել ու չանել, որովհետև սովորաբար դա խնդրահարույց է դառնում, բայց, կարծում եմ, կա երկու պատճառ. առաջին՝ պետական մեքենայի կարողությունները չեն հասցնում այդքան զարգանալ, երկրորդ՝ բյուջեն է ահագին աճել, ու երևի մեր պետական կառույցները երբևիցե նման թվով պրոյեկտների չեն առնչվել:
– Նիկոլ Փաշինյանը մի միտք է արտահայտել, կխնդրեմ՝ որպես մասնագետ ձեր դիտարկումը դրա վերաբերյալ նաև. նա նշել է, որ եթե մենք մեր բանակի սպառազինության, հզորացման հիմքում դնենք Արարատ լեռը, Արևմտյան Հայաստանը, ապա մեզ ոչ մեկը չի համաձայնի զենք վաճառել:
– Նայած պետություն, կան պետություններ, որ շատ լուրջ են վերաբերվում գործարքների այդ բարոյական կողմերին, օրինակ՝ Գերմանիան շատ մեծ պայմանագրեր է կորցրել Սաուդյան Արաբիայի հետ այն պատճառով, որ համարում էր, որ Սաուդյան Արաբիային չպետք է զենք վաճառել, որովհետև նա ավտորիտար է, պատերազմներ է վարում, բայց կան պետություններ, որոնք ավելի գործնական մոտեցում են այս դեպքերում դրսևորում: Այսինքն՝ չի կարելի բոլորի դեպքում դա միանշանակ ասել, բայց արտաքին քաղաքականությունը, բնականաբար, ինչ-որ ազդեցություն ունի, թե ո՛ր երկրների հետ կարող են աշխատել, որի հետ՝ ոչ:
– Իսկ Ադրբեջանի դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ զենքի գնման խնդիր չի ունենում այն պարագայում, երբ Ալիևն անթաքույց հայտարարում է Հայաստանի նկատմամբ իր ծավալապաշտական նկրտումների մասին:
– Ճիշտը որ ասենք, Ադրբեջանը 2020-ից, հատկապես՝ 2022-ից հետո, այսօր դրսում բավականին սահմանափակ դոնորներ ունի: Իսրայելին ունի, որը գործնական պատճառներով շարունակում է Ադրբեջանի հետ ամեն ձևի համագործակցությունը: Արևմուտքում հիմա, բացի երկու-երեք պետությունից, ամենակոռումպացված ռեժիմներից բացի ոչ մեկն այլևս չի աշխատում նրա հետ ինչ-որ լուրջ պայմանագրերի շուրջ: Ստացվում է, որ ունեն Իսրայել, Թուրքիա ու Արևելյան Եվրոպայի մի քանի պետություն, որոնց հետ կարողանում են ինչ-որ գործարքներ անել:
– Պարո՛ն Ներսիսյան, իսկ մեր ցուցանիշը շա՞տ վատ է, որ անցյալ տարվա կատարողականը եղել է 25 տոկոս:
– Եթե 5 տոկոսն էլ կատարված չլինի, դա արդեն խնդիր է, որը պետք է լուծել, սա լավ միտում չէ, ու պետք է լուրջ քայլեր ձեռնարկել այն փոխելու համար:
– Ի՞նչ լուծումներ պետք է անի պետությունը:
– Պետական ապարատի բարեփոխումներ, ավելի արդյունավետ օրենքներ, որ բիզեսը կարողանա ավելի արդյունավետ համագործակցել պետական կառույցների հետ, որ այդ պլանավորումն ավելի ճիշտ կատարի: Դա բավականին ծանր գործընթաց է, բայց Հայաստանը պետք է դրա միջով շատ արագ անցնի: Հակառակ դեպքում՝ եթե տարին 1-2 տոկոս տնտեսական աճի անկում ունենանք, այսինքն՝ կոպիտ հաշվարկով ամեն տարի կորցրած 2 տոկոսը 5-6 տարվա մեջ բավականին լուրջ թիվ է կազմելու: Խոսքս ընդհանուր բյուջեին է վերաբերում, որովհետև այդ խնդիրը, ինչպես ասացի, բոլոր ոլորտներում է առկա, միայն ռազմականը չէ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am