ՀՀ գլխավոր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի՝ Ցեղասպանությունը ժխտող հայտարարության վերաբերյալ վարույթ չի հարուցել․ «Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազությունը կաշկանդվածություն ունի. մինչ օրս այս կառույցը Նիկոլ Փաշինյանի՝ Ցեղասպանությունը ժխտող հայտարարության վերաբերյալ վարույթ չի հարուցել, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի ուղիղ պահանջ է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ` հունվարի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Պետք է հասկանանք՝ լավ, ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել, եւ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ու՞մ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել։ Մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»:

Այսպիսով` նա փաստացի հարցականի տակ է դրել այն, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, երբ գրեթե ողջ աշխարհը դա որակում է որպես «ցեղասպանություն»:

Նշենք, որ Հայոց Ցեղասպանությունը ժխտելը քրեականացվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև Շվեյցարիայում, որտեղ էլ ՀՀ վարչապետը նման ելույթ է ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե այս իրավիճակը հաշվի առնելով, վերոնշյալ հայտարարության վերաբերյալ արդյոք կա՞ նախաձեռնված վարույթ, թե՞ ոչ: Դատախազը պատրաստվո՞ւմ է արդյոք վարույթ հարուցել՝ հանրության շրջանում լայն դժգոհության ալիք բարձրացրած այս հարցով: Կա՞ արդյոք կաշկանդվածություն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ` վերը հիշատակված օրենքը կիրառելու հարցում:

Մեր այս հարցերին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տվել են բավականին կարճ պատասխան. «Նշվածի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթ առկա չէ»::

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



Source link

Leave a Comment