Տրանսպորտի նոր սակագնի և բոյկոտի առաջին օրը

Այսօրվանից ուժի մեջ են մտնում մայրաքաղաքային տրանսպորտի նոր սակագները։ Նախօրեին Երևանի ավագանին որոշեց, որ, առաջարկվող փաթեթներից բացի, քաղաքացիներին 1 ուղևորության դիմաց 150 դրամ վճարելու հնարավորություն են տալու։ Սակայն մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիների որոշ խմբեր ու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները բոյկոտում են՝ պահանջելով մեկ ուղևորության արժեքը կրկին դարձնել 100 դրամ։

Մի կողմից հիմնավորում՝ «նոր ավտոբուսներ են, հարմարավետ են, ապահով են, պետք է մի քիչ թանկանան», մյուս կողմից հակադարձում՝ «սա ձեր փոխադրամիջոցն է, ոչ ոք իրավունք չունի ձեզ համար անհարմարություն ստեղծել, ո՛չ թանկացմանը»․ քաղաքացիները վերջին ամիսներին շարունակ լսում են տրանսպորտի սակագնի մասին տարբեր տեսակետ ունեցող երկու կողմերի փաստարկները։ Դրանց հանդեպ քաղաքացիների մոտեցումներն առավել ընդգծված արտահայտվում են արդեն այսօր՝ փետրվարի 1-ին՝ մեկ ուղևորությունը 150 դրամ սակագնի ուժի մեջ մտնելուն պես։

«Ժողովուրդ ջան, բարև Ձեզ, ես բոյկոտում եմ։ 100 դրամը դնում եմ էստեղ՝ 2 հատ 50 դրամանոցը, խնդրեմ։ Համոզված ենք, որ 100 դրամով կլինի էս տրանսպորտը պահել»։

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նախապես հայտարարված բոյկոտի շրջանակում առավոտից անցնում է տրանսպորտ առ տրանսպորտ, սեփական օրինակով ցույց տալիս՝ ինչու և ինչպես է բոյկոտում ինքը։ Նույն կերպ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրազեկում են անցկացնում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները․

««Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն են այս պահին ձեզ հետ։ Մենք առավոտյան դուրս ենք եկել բոյկոտին սատարելու, ողջունում ենք բոլորիդ, կեցցեք, ապրեք, որ շատերդ արդեն նախօրեին 100-դրամանոցն եք առել, էս պահին 150-դրամանոցը չեք առել։ ժողովուրդ ջան, տեսնում ենք՝ ինչ է կատարվում, իրենք աստիճանաբար նահանջում են, ու էս բոյկոտը շարունակելու դեպքում աստիճանաբար վերադարձնելու են 100 դրամը»։

Հիշեցնենք՝ մինչև հունվարի 27-ը տրանսպորտային բարեփոխումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի առաջարկը հետևյալն էր՝ փետրվարի 1-ից գործելու էին տարբեր փաթեթներ, արտոնություններ քաղաքացիների որոշ խմբերի համար, իսկ դրանցից օգտվել չցանկացող կամ այդ խմբերում չընդգրկված քաղաքացիները մեկ ուղևորության համար պետք է վճարեին 300 դրամ։ Հաջորդիվ` հունվարի 28-ին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ վերանայել են սակագները. Ըստ այդմ` մեկ ուղևորությունը կարժենա 150 դրամ։ Սակայն որոշումը և նոր հիմնավորումները կրկին համոզիչ չեն թվում. բոյկոտող քաղաքացիները պնդում են՝ պայքարելու են երթևեկի արժեքը 100 դրամ պահպանելու համար։ Լրացուցիչ 50 դրամ չեն վճարելու․

«Ժողովուրդը պիտի պատրաստ լինի դրան, հազիվ էս 100 դրամը․․․ էդ էլ է շատ, ամոթ է ասել, էդ էլ է շատ, բայց ապրում ենք, ինչ անենք, 100 դրամից ոչ մի կոպեկ ավել չկա»։

«100 դրամ, ոչ ավելի։ Եթե դա էլ չեն ուզում՝ ընդհանրապես պիտի չվճարենք»։

Միևնույն  ժամանակ կան քաղաքացիներ, որոնք մեկ ուղևորության արժեքի 50 դրամով ավելացումը բնական են համարում ու պատրաստ են օգտվել տրանսպորտից այդ սակագնով․

«50 դրամ ավելանում է, ո՞նց չավելանա։ Ասում են, բացատրում են՝ էդքան ծախս են անում,տրանսպորտ են բերում նոր, դրանք պիտի գիծ դուրս գան, ինչ-որ տեղ հասկանում ենք։ Ի վերջո թանկանում է, տենց հո չի՞ մնա 100 դրամ»։

«150 եմ վճարել, որ նստեցի՝ ոչ մեկը չէր բոյկոտում, ես էլ․․․»։

«Բայց էս լավ տրանսպորտ է, անվտանգ, թող բոլորը իմանան, ոչինչ, էլի 50 դրամը մեզ չի խանգարի, բայց հլը ինչ կոմֆորտով գնում ենք․․․
— Ո՞նց չի խանգարում 50 դրամը, հենց մեկը ինձ խանգարում է»։

Մայրաքաղաքի որոշ ավտոբուսներում տոմսի արժեքի բարձրացումը քաղաքական քննարկում ու բանավեճ է դարձել, կողմերը՝ ուղևորները, նրանց ուղղորդել փորձող` ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդմաները։ Բայց միաժամանակ բոլոր կողմերն էլ միաձայն համաձայն են՝ վարորդների աշխատանքին չպետք է խանգարել․

«Վարորդների հետ կոնֆլիկտի չեք գնում, վարորդները մեր ընկերներն են, մեր հայրենակիցներն են, իրենք որևէ մեղք ու կապ չունեն էս թանկացման հետ, նստում եք տրանսպորտ, բարևում եք վարորդին, մաղթում եք իրեն լավ օր, իջնելուց էլ ասում եք՝ շնորհակալություն, չեք վճարում»։

Քաղաքացիների մի մասն էլ բոյկոտին մասնակցում է անուղղակիորեն․ նախօրեին ձեռք են բերել մեծ քանակով 100 դրամանոց ուղետոմսեր, պատրաստվում են երթևեկել դրանցով՝ մինչև որոշակի եզրահանգման հասնելը։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նախորդիվ ավագանու նիստում ընդգծել է՝ ճիշտ հաշվարկի ու ճիշտ փաթեթ ընտրելու  դեպքում քաղաքացիները կարող են խուսափել նույնիսկ 300-ից 150 դրամ դարձած մեկ ուղևորատոմս գնելու պարտավորությունից և երթևեկել 30, 90 կամ 365 օրվա համար նախատեսված փաթեթներով՝ ավելի մատչելի արժեքով։

«Սա նախ՝ ենթադրում է քաղաքացիների կողմից լրացուցիչ փաթեթների ձեռքբերման լրացուցիչ մոտիվացիա, որը հենց միասնական տոմսային համակարգի բուն նպատակն է, և զուտ ֆինանսական առումով, առնվազն այս զեղչի ժամանակաշրջանում, չնայած ես համոզված եմ, որ դրանից հետո էլ ենթադրելու է ավելի մատչելի ուղևորափոխադրում երևանցիների համար, քան մեկ ուղևորության համար 150 դրամի վճարումը»։

Այս պարագայում քաղաքացին կարող է վճարել ոչ թե մեկ ուղևորության համար, այլ իր ուզած կետ հասնել անսահմանափակ քանակով տրանսպորտային միջոցներ փոխելով՝ քաղաքապետարանի հաշվարկով՝ շատ ավելի էժան ու արագ։

Առաջարկվող փաթեթների գները տատանվում են 300- 90 000 դրամի միջակայքում։ 15, 20, 30 տոկոս զեղչով կամ անվճար կարող են օգտվել, օրինակ, երեխաները, ուսանողները, թոշակառուները, հաշմանդամություն կամ 4 և ավելի երեխա ունեցողները ու ավագանու որոշմամբ սահմանված մյուս խմբերը՝ մոտավոր հաշվարկով՝ ավելի քան 560 հազար մարդ։

Փաթեթներից օգտվելու դեպքում միջինացված ուղևորափոխադրման գինը հաջորդ տարվա ընթացքում լինելու է 144 դրամ՝ ավելի վաղ հայտնել էր Տիգրան Ավինյանը, քաղաքապետարանում կատարած հաշվարկների վրա հիմնավելով ասում են նաև, որ ավելի հաճախ տրանսպորտային միջոցներից օգտվող համար ուղևորափոխադրման արժեքը պակաս կլինի 100 դրամից։

Source link

Leave a Comment