
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ տոկոսի հետ կապված խնդիրը մեծ է, և մինչև հունվարի 1-ը անցումը պետք է մեղմ իրականացնել, ուստի ակնկալում է, որ իրավիճակի լուծման համար առաջարկներ ներկայացվեն, քանի որ հունվարից մեծ թվով մարդիկ միանգամից անցում են կատարելու ամբողջապես նոր համակարգի:
«Խոսքն այն մասին է, որ 6 տոկոսն օգտվում է այս համակարգից էլեկտրատրանսպորտում, 94 տոկոսը դեռևս կոպեկով է օգտվում, և այս 94 տոկոսը պետք է անցում կատարի նոր համակարգի: Կամ 36 տոկոսը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում օգտվում է համակարգից, դա նշանակում է, որ 64 տոկոսը դեռ 100 դրամից է օգտվում, և 64 տոկոսը ամբողջապես պետք է անցում կատարի նոր համակարգի: Սրանք լուրջ թվեր են:
Մետրոպոլիտենում արդեն անցում ենք կատարել, 100 տոկոսն է օգտվում համակարգից, բայց այս դեպքում էլ որոշ տուրբուլենտ դժվարություններով հասանք այդտեղ: Այնուամենայնիվ, այնտեղ ունենք անցարգելներ, որոնք այլընտրանք թույլ չեն տալիս»,- ասաց նա:
Տիգրան Ավինյանը նաև հիշեցրեց՝ կա մոտ 15 օր աշխատանքն իրականացնելու համար, ապա հանձնարարեց. «Խնդրում եմ՝ բոլորը կենտրոնանան սրա վրա, հիմա սա է ամենակարևորը, և այս աշխատանքը պետք է իրականացնենք մինչև նոր տարի»:
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
