2024-ին տարվա հերոս հռչակվեց աշխատող ու պետությանը հարկ վճարող քաղաքացին՝ առանց նրանց Հայաստանը գոյություն չի ունենա հիմնավորմամբ։ Տասնամյակներ ու հարյուրամյակներ առաջ, սակայն, հերոսների բնութագրումն այլ էր։ Հայկական էթնոհոգեբանությանը առավել բնորոշ էին փյունիկ-հերոսները, մարդիկ, որ ոչնչից ինչ-որ բան էին ստեղծում ու փոխում պատմության ընթացքը։
Ո՞վ է տարվա հերոսը։
2024-ի հերոսին գտնելը դժվար գործ չէ։ Դեռ տարեսկզբին վարչապետը երկրի թիվ մեկ ամբիոնից հայտարարեց՝ Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է։
«Որովհետև առանց նրա չկա էս մարմինը, չկա պետություն, չկա բանակ, չկա զինվոր, չկա լեյտենանտ, չկա կապիտան, չկա գեներալ, ոչ մի բան չկա․․․ Ոչ մի բան չկա»։
Տարվա առաջին ինն ամիսների տվյալներով երկրի խոշորագույն հարկատու-հերոսը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, երկրորդ տեղում է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, եռյակը եզրափակում է ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո»-ն։ Ամենաթարմ տվյալներով՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմում է 782 հազար 832, ճիշտ այսքան մարդ առնվազն ամեն ամիս հարկ է վճարում, իսկ տնտեսվարողները, ըստ գործունեության տեսակի, վճարում են նաև ԱԱՀ, շահութահարկ, աքցիզային հարկ, մաքսատուրք։ Եթե թվարկվածները չլինեն, Հայաստանում ոչինչ տեղի չի ունենա, ասում է Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ ազգային հերոսի մեդալի հակառակ կողմում կանգնած է հարկ վճարողը։
«Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի մեդալը, որ ձուլում են, ձուլում են հարկ վճարող քաղաքացու տված հարկի հաշվին, կա քաղաքացի, որ հարկ է վճարում, կա ազգային հերոս և այն մարմինը, որ որոշում է, որ այսինչ մարդը ազգային հերոս է։ Էդ մարմինը գոյություն ունի միայն էն պատճառով, որ կա հարկ վճարող քաղաքացի, չկա հարկ վճարող քաղաքացի, չկա էդ մարմինը, որ որոշում է, որ էս մարդը հերոս է, չկա էդ հերոսը, չկա էդ հերոսի կոչում տալու որոշում»։
Զուգահեռ իրականությունում մարդաբաններն ու հոգեբանները բացահայտել ու սահմանել են հերոսականության 12 հիմնական հատկանիշ՝ քաջություն, անձնազոհություն, ազնվություն, վճռականություն, ուրիշներին փրկելու ունակություն, ոգեշնչում և օգնելու պատրաստակամություն։ Հերոս հռչակվելու հավակնողներն այս ունակություններն ի վերուստ կամ պիտի ունենային, կամ ձեռք բերեին։ «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն»-ի հոգեբան Աննա Բադալյանն ասում է՝ հայկական էթնոհոգեբանությանն ավելի բնորոշ են եղել իրավիճակային հերոսները․
«Մեր ազգին դա շատ հատուկ է՝ ծանր իրավիճակներում լինել հերոսներ, այսինքն՝ մարդը ոչ թե ուզում է հերոսանալ, այլ իր մեջ արթնանում է ազնիվ մարդը, իր մեջ արթնանում է ազնվագույն մարդը՝ ուրիշներին օգնելու, աջակցելու, նեցուկ լինելու։ Ցավալի է, բայց եկեք հիշենք երկրաշարժը, ընկեր, բարեկամ, ծանոթ չկար, էնտեղ կար մեկ ազգ, մեկ մարդ, որ իսկապես հերոսացան, որ օգնելու նույնը պատերազմի ժամանակ»։


Պահանջը ձևավորում է առաջարկ․ ի՞նչ չափորոշիչներով են ընտրվում հերոսները։
«Մի պահ, 2 օրով մեզ թողեցին տուն, եկանք, աղջիկս չէր թողում հետ գնամ, էդ իմ համար շատ ավելի ծանր էր, քան մինչև էդ իմ ապրածը, բայց գիտե՞ք, այո, քո երեխան է, բայց մի ուրիշի երեխեն էլ քեզ է սպասում։ Ամեն դեպքում հետ վերադարձա, հետո նորից վերադարձա տուն»։
Վիրաբույժ Արտակ Գևորգյանը պատերազմին նայել է հարյուրավոր ծանր վիրավորների աչքերով, ընտրել նրանց օգնելու դժվար տարբերակն ու մարտադաշտում վիրակապել ոտք ու ձեռք կորցրածներին։ Նրա անունը հերոսների գոյություն ունեցող ոչ մի ցանկում չկա, փոխարենը կան բազմաթիվ կյանքեր, որ փրկվել են Արտակի շնորհիվ։ Նրա նման հարյուրավոր բժիշկների չենք ճանաչում, բայց գիտենք՝ նրանց լինելիությունից է կախված մյուսներիս գոյությունը։ Հոգեբանն ասում է՝ անկախ պայմաններից, չկա մի հասարակություն, որին հերոսներ պետք չլինեն։
«Հասարակությանը մոտիվացնում է, հասարակության համար ինքը ռեֆերենտային կերպար է, նոր սերնդի համար կրթող, դաստիարակող կերպար է, որը առաջ է տանում, որը ձևավորում է մշակույթ։ Դրանք շատ կարևոր են, ու հերոս ասված երևույթը պետք է մնա ոչ թե պաթոսի մեջ, այլ խոսքի մեջ, վարքի մեջ»։
Արտաքին պայմանները ձևավորում են հերոսների չափորոշիչները։ Եթե պատերազմական ժամանակաշրջաններում հերոսներ են ռազմական գործիչներն ու առաջնագծում կռվողները, խաղաղության օրերին հերոսները հայրենիքը շենացնող մարդիկ են։
«Եթե մեզ համար առաջ հերոս էր Հայկ Նահապետը, ի դեպ, չի պատերազմել, բայց Լեւոն Մեծարգոն, ինքը արարել է, երկիրը դարձրել է դրախտային, Տիգրան Մեծը, Արտավազդը, Սասունցի Դավիթը, Պապ թագավորը, դրանք էտալոնային ազգի ռեֆերենտային կերպարներն են։ Հիմա ժամանակները փոխվում են, պահանջները փոխվում են, արժեհամակարգը փոխվում է։ Եթե էսօրվա Հայաստանին նայենք, հերոսը Հայաստանի քաղաքացին է, քաղաքացի, ով գնահատում է իր տեղը, դերը, ով իսկապես կարողանում է ունենալ ոչ միայն իր ներքին պահանջմունքները, այլ սոցիալական հանրության, հասարակության համար դրական կերպար է ձևավորում»։
Հերոսները փոխում են պատմության ընթացքը, ոչնչից ինչ-որ բան ստեղծում՝ կրելով ազգի գոյության ծանրությունը։ Նրանք երբեմն ոչ թե պատմության մեջ հայտնված, այլ պատմություն ստեղծած անհատներ են։
«Մեր հերոսը էլի Վազգեն Սարգսյանն է, ով կարողացավ փոխել պատմության ընթացքը։ Մեր հերոսն է Կոմանդոսը, երջանկահիշատակ։ Շատ մարդկանց կարող ենք նշել ու իրենք մնում են իրենց բարձրունքի վրա, որովհետեւ էդ պայմաններում, էդ իրավիճակում իրենք կարողացան հաղթահարել, ստեղծել պետություն, կարողացան պահպանել Հայաստանը»։
Ավելի շատ մե՞նք նրանց, թե՞ նրանք են պետք մեզ
«Մեր վրա հրետանիով աշխատել են, կրակել են մեր պոստի վրա, մենք էլ կոորդինատները տվել ենք, զեկուցել ենք վերադասին, այնտեղից էլ արդեն հակահարվածը տվել…։
Հետախուզության կողմից տրված ճշգրիտ տվյալների շնորհիվ կատարել ենք իրանց կուտակումների ոչնչացում:
Ինչ կոորդինատ տվել են, նույն վայրկյանին կրակել ենք էդ կոորդինատով ու թիրախին կպել ենք, բոլորս էլ հասկացել ենք, որ խուճապ պետք չէ եղել»։
Նրանք այս պահին հանդարտորեն, բայց զգոնությամբ հսկում են իրենց բաժին սահմանը։ Դա և աշխատանք է, և առաքելություն ու անձնազոհություն։ Այսօր Հայաստանը լինելիության խնդիր ունի, և հերոս է յուրաքանչյուրը, որ իր աշխատանքով լուծում է այդ խնդիրը։


Աննա Բադալյան․ «Հոգեբանական առումով ինձ և երևի բոլորիս համար ավելի կարևոր է այսօրվա հայ տեսակի պահպանումը, որը ունի անցյալի արժեհամակարգը, որը ունի անցյալի ժառանգությունը, և լավ, և վատ, որը կկարողանա մեր փոքրիկ, լեռներում ծվարած երկիրը պահել, պահպանել, դա էլ է հերոսություն»։
Բայց մարդը չի կարող բացարձակ լավը, կամ վատը լինել՝ բացատրում է հոգեբանը։ Ուստի՝ հերոսները ևս կարող են ունենալ վատ գծեր, իսկ հակահերոսները՝ դրական հատկանիշներ։ Սովորաբար հակահերոսներ են համարվում նրանք, ովքեր ինչ-որ պահի հակառակվել են ընդհանուրին, գործել ոչ թե բոլորի, այլ մեկի կամ մի քանիսի համար։ Բայց եթե նայենք ժամանակի հեռավորությունից, ասում է Բադալյանը, կտեսնենք, որ հերոսը և հակահերոսը ունեն սեփական և արդարացված ճշմարտությունները։
«Մենք ունենք և լավ հերոսներ, և վատ։ Երբ սկսում ենք վերլուծել, միգուցե պատմական էդ ժամանակաշրջանում, մարդը մտածել է էդպես, ինքը ունեցել է այդ արժեքները, մտածել է, որ ելքը դա է, մեկ ուրիշը այլ կերպ է մտածել ու եղել է բախում, բայց հետո նայում ես պատմության էս առանցքներից էս կողմ, տեսնում ես, որ երկուսն էլ ինչ-որ տեղ ճիշտ էին, բայց չէին կարողացել գալ համաձայնության»։
Այս ռեպորտաժը պատասխաններ գտնելու մասին էր, բայց ավելի շատ հարցեր առաջացրեց։ Ո՞վ է հերոսը հարցին մեզ լսողներից յուրաքանչյուրի պատասխանը կարող է ոչ միայն տարբեր, այլև ճիշտ հակառակը լինել մեկ ուրիշ ունկնդրի պատասխանին։ Եվ սա օրինաչափ է այնքան, որքան Հայկ նահապետից մինչև հարկատու հերոսական դասակարգումը։ Ժամանակն ու առաջնահերթությունները ձևավորում են այդ աղյուսակի տողերը՝ առաջին և ամենաանհրաժեշտ հերոսներից մինչև նրանք, ովքեր արդեն մոռացվել ու դարձել են ժամանակավրեպ։