Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները, թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը․ Արցախի թեմի առաջնորդ


Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի 2025թ.-ի Ամանորյա և Սուրբ Ծննդյան մաղթանքը․


«Սիրեցյա՛լ հավատավոր զավակներ, ահա կյանքի ևս մի շրջափուլ իր օրինաչափ ավարտին է մոտենում՝ լի տարաբնույթ իրադարձություններով ու մարտահրավերներով։


Հիրավի, Ամանորի տոնակատարումը զրկված կլիներ իր պայծառությունից և կդառնար լոկ օրացույցի փոփոխություն, եթե մեկտեղված չլիներ Սուրբ Ծննդի սրբազան խորհրդի հետ։ Միածին Աստվածորդու ծնունդն է, որ խավարի մեջ լույս և ձմռան ցրտի մեջ հոգևոր ջերմություն է պարգևում քրիստոնյաներիս վայրիվերումներով լի աշխարհում։


Արցախցի մեր ժողովրդի համար անցնող մի քանի տարիները փորձությունների ու դառնությունների ժամանակաշրջան եղան, սակայն ամեն նոր սկզբի, ժամանակի անիվի նոր շրջապտույտի հետ մեկտեղ անհրաժեշտ է նորորգել մեր հույսն ու հավատն առ գալիքը՝ հանուն զորացման և ինքնավերագտնումի։


Ինչպես Սուրբծննդյան շարականն է փոխանցում, «Այսօր արևն արդարության երևաց մարդկանց մեջ»։ Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը։ Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները։ Թող արդարությունը հաղթանակի, և մենք փրկենք մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը։ Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը։


Եվ թող հրեշտակաձայն բարբառով կրկին մեր հայրենիքում իրար փոխանցենք Սուրբծննդյան սիրո ողջույնը.


Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։


Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»։


 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment