Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասում դանակով զինված Սիրիայի քաղաքացին վիրավորել է երկու անցորդի, ասված է ոստիկանության Բեռլինի պաշտոնական պորտալի հաղորդագրության մեջ։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի Շառլոտենբուրգ շրջանի սուպերմարկետում և գնահատվում է որպես սպանության փորձ։ Շվեդիայում գրանցված Սիրիայի քաղաքացին խանութի վաճառասեղաններից վերցրել է դանակը և դրանով հարվածներ հասցրել երկու տղամարդու։ Հարձակվողը բերման է ենթարկվել։ Տուժածներից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, երկրորդը գտնվում է հիվանդանոցում։
Ոստիկանությունը կարծում է, որ հարձակվողի մոտ առկա են հոգեկան հիվանդության նշաններ։ Հետաքննություն է սկսվել։