Ռումինիայի մայրաքաղաքի վերաքննիչ դատարանը մերժել է Կելին Ջորջեսկուի հայցը, ով վիճարկում էր Սահմանադրական դատարանի կողմից նախագահական ընտրությունների չեղարկումը։ Այս մասին հայտնում է Agerpres գործակալությունը։
Որոշումը վերջնական չէ և կարող է բողոքարկվել հինգ օրվա ընթացքում Բարձրագույն վճռաբեկ դատարանում:
Ջորջեսկու փաստաբանները հայտնել են, որ մտադիր են բողոքարկել Բուխարեստի վերաքննիչ դատարանի որոշումը։ Ավելի վաղ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Ավգուստին Զեգրյանը նշել էր, որ «Վճռաբեկ դատարան բողոքարկումը սովորաբար քննարկվում է լավագույն դեպքում մեկ տարվա ընթացքում»։
Սպասվում է, որ Ռումինիայում նոր նախագահական ընտրություններ կանցկացվեն 2025 թվականի սկզբին՝ մարտ-ապրիլին։
Նոյեմբերի 24-ին Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել էր անկախ թեկնածու Կելին Ջորջեսկուն՝ հավաքելով ձայների 22,94%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Լասկոնին՝ 19,18%: Նրանք պետք է մրցակից լինեին դեկտեմբերի 8-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում։ Սակայն դեկտեմբերի 6-ին Ռումինիայի Սահմանադրական դատարանը չեղյալ համարեց ողջ ընտրական գործընթացը և հրամայեց քվեարկությունը վերսկսել՝ ներառյալ նախընտրական քարոզարշավը։
Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ռումինիայի հետախուզական ծառայությունները գաղտնազերծել են փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ Ջորջեսկուն անօրինական կերպով ֆինանսավորել է իր նախընտրական քարոզարշավը։