2024 թվականը Հայաստանն ամփոփում է գրեթե նույնպիսի տագնապներով ու մարտահրավերներով, որպիսիք առկա էին մեկ տարի առաջ։
Դրանք առավելապես արտաքին, անվտանգային սպառնալիքներ են, որոնք, սակայն, օրգանական կապ ունեն պակաս անտեսանելի, բայց նույնքան կարևոր ներքին խնդիրների՝ պառակտվածության, համերաշխության բացակայության, որպես հետևանք՝ հանրային ու պետական դիմադրողականության խոցելիության հետ։
Դա նշանակում է, որ առանց ներքին համերաշխության, հանրային բաժանարար գծերի վերացման՝ գործնականում անհնար է լուծել արտաքին մարտահրավերները, ինչպես որ անվտանգային խնդիրների իրավիճակային, կոնյունկտուրային լուծումները չեն կարող հանգեցնել պետության դիմադրողականության աճին։
Գործող իշխանությունը, ցավոք, ոչ միայն ոչինչ չի անում հանրային համերաշխությունը մեծացնելու ուղղությամբ, այլև ճիշտ հակառակը՝ անում է հնարավորը՝ հասարակության պառակտվածությունը խորացնելու համար։
Բայց եթե դա հեշտ ու ցանկալի է իշխանության համար, վտանգավոր ու կործանարար կարող է լինել հասարակության ու պետության պարագային։ Հետևաբար՝ Հայաստանի խնդիրը 2025 թվականին առաջին հերթին հանրային մտածողության, հանրային վարքագծի տիրույթում է։
Հասարակությունը, ի վերջո, պետք է անհատական ու հավաքական որոշում կայացնի՝ թույլ տա՞լ իշխանություններին շարունակել պետության դիմադրողականության թուլացումը մինչև անդառնալիության կետ, թե՞ առնվազն ներքին բնազդով պաշտպանել այն, ինչը վեր է բոլորիս տարանջատող ու պառակտող տարբերություններից և կոչվում է Հայաստանի Հանրապետություն։
Ամեն նոր տարվա հետ գրեթե բոլորն անհատական հույսեր ու ակնկալիքներ ունեն։ Բայց դրանք կարող են իրականություն դառնալ հավաքական, վերանձնային իղձերի դեպքում միայն։
2025 թվականն ահա կարող է դառնալ այդ հավաքական հույսի իրականացման տարի, որքան էլ մեզ փորձում են համակել անկարողության, անօգնականության զգացումներով։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։