2024-ը հիրավի կմնա մեր հիշողություններում որպես Կոմիտասյան ոչ միայն այն պատճառով որ նշանավորվեց Վարդապետի 155-ամյա հոբելյանով, այլև նրանով, որ միաբանեց երկրի լավագույն երաժիշտներին «Կոմիտաս․ երաժիշտ և բանաստեղծ» նախագծի շրջանակում։
«Երաժշտական եռանկյունու» տարեմուտի այս թողարկման մասնակիցներն են երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, ֆլեյտահար, «Կա Վե Արտ» անսամբլի ղեկավար Նարեկ Ավագյանը, ջութակահար, «Երևան» լարային քառյակի կոնցերտմայստեր Նարեկ Սահակյանը և հայկական փայտյափողային նվագարանների վարպետ և նվագող, «Մենուա» ժամանակակից ֆոլկ երաժշտության խմբի հիմնադիր Նորայր Քարտաշյանը։
«ԿՈՄԻՏԱՍ․ ԵՐԱԺԻՇՏ ԵՒ ԲԱՆԱՍՏԵՂԾ» համերգային նախագիծը մտահղացել է երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին։
Սյն շարունակական բնույթ է կրում՝ նպատակ ունենալով համերգաշարի տարբեր համերգային ծրագրերի միջոցով ներկայացնել կոմիտասյան երաժշտական ժառանգության բոլոր դրսևորումները, ինչպես նաև վարդապետի Պոեզիան՝ համազոր կերպով։
Նախագիծն իր տեսակով և գեղագիտությամբ բացառիկ է, քանի որ ներառում է Կոմիտասի բնագրային վոկալ, վոկալ-գործիքային, դաշնամուրային և երգչախմբային ստեղծագործությունները, ինչպես նաև նրա երաժշտական ժառանգության բազմաբնույթ մեկնությունները։ Իսկ Կոմիտասի բանաստեղծությունը մշտապես ներկայացված է երգիչ և կոմպոզիտոր Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարով։
2024-ին, Կոմիտասի 155-ամյակին նվիրված, մի քանի ամիս տևած ԿՈՄԻՏԱՍ․ ԵՐԱԺԻՇՏ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾ նախագծի թվով 8 տարբեր համերգներում հանդես են եկել․
- Վահան Արծրունին,
- երգչուհի Աննա Մայիլյանը,
- ֆլեյտահարներ Նարեկ Ավագյանը, Նելլի Մանուկյանը,
- «Երևան» լարային քառյակը՝ Նարեկ Սահակյան – 1-ին ջութակ, Գևորգ Գասպարյան – 2-րդ ջութակ, Հայկ Տեր-Հովհաննիսյան — ալտ, Միքայել Նավասարդյան – թավջութակ,
- «KV ART» կամերային անսամբլը՝ Նարեկ Ավագյան — ֆլեյտա, Նարեկ Սահակյան – 1-ին ջութակ, Իվետա Կոռկինա – 2-րդ ջութակ, Հայկ Տեր- Հովհաննիսյան — ալտ, Վահե Դանիելյան- թավջութակ, Եվա Գևորգյան — կոնտրաբաս
- «Աննա Մայիլյան վոկալ տրիո»-ն՝ Աննա Մայիլյան, Լուիզա Երեմյան, Անահիտ Գաբրիելյան,
- հրավիրյալ լարային քառյակը’ Էրիկ Մանուկյանի – 1-ին ջութակ, Լևոն Մարկուպչյանի- 2-րդ ջութակ, Ռոզա Հայրապետյանի — ալտ, Սիփան Թորոյանի — թավջութակ մասնակցությամբ,
- «Նարեկյան Զանգակներ» — “Narek Bell Choir” համույթը, ղեկավար Հովհան Քահանա Խոջա-Էյնաթյան, ԱՄՆ,
- Երևանի պետական կամերային երգչախումբը, խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան
- Նորայր Քարտաշյանը և ՄԵՆՈՒԱ խումբը՝ Էրիկ Ավագյան — փողային նվագարաններ, Վասիլ Սահակյան — փողային նվագարաններ, Գրիգոր Քարտաշյան — փողային նվագարաններ, Մարիա Արիստակեսյան — թավջութակ, Լիլիթ Պետրոսյան — քանոն, Գրիգոր Դավթյան — հարվածային նվագարաններ, հատուկ հյուր՝ Րաֆֆի Դիմոյան — գալարափող։
Համերգներն ընթանում էին Երևանի ամենատարբեր վայրերում՝ «Արդեան» մշակութային կենտրոնում, ՀԲԸՄ-Հայաստան համերգային դահլիճում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան սրահում, Առնո Բաբաջանյան համերգային դահլիճում։
Կոմիտասյան հոբելյանական տարին շարունակվելու է 2025-ին, ինչպես նաև «Կոմիտաս․ երաժիշտ և բանաստեղծ» նախագիծը, հանդիսատեսին առիթներ ընձեռնելով նոր և բովանդակային ձևաչափերով հաղորդակցվելու Կոմիտասյան ստեղծագործական աշխարհի հետ։