Ամանորյա հրաշք․ ինչի՞ն ենք սպասում․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Ցանկացած երեխա, ում դու ուրախացնում ես, որոշակի առումով հրեշտակ է, որը քեզ պահպանում է էս կյանքում»։

Իսկ դուք հասցրեցի՞ք թղթի վրա գրված երազանքները այրել, մոխիրը լցնել շամպայնի բաժակի մեջ ու խմել։ Կերա՞ք խաղողի 12 հատիկ ժամացույցի 12 զարկերի ընթացքում։ Հենց կեսգիշերին տնից դուրս նետեցի՞ք հին իրերը։ Ի՞նչ արեցիք, որ ամանորյա հրաշքը գա։

«Գիտությունը մի քիչ ուրիշ ձև` ավելի սկեպտիկորեն է մոտենում դրան ու ասում է, որ հրաշքը տեղի ունեցող մի արտառոց իրականություն է, որի բացատրությունը դեռևս է (բանալի բառը՝ դեռևս), գիտությունը չի տվել կամ շատ հազվագյուտ պատահականություն է, որին հաճախ գիտությունը ավելի է հակված»։

Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ 2025-ի առաջին թողարկումը ամանորյա հրաշքի մասին է։


Բոլորը սպասում են նրան։ Եթե նույնիսկ չկա արտառոց, անիրականանալի մի ցանկություն, եթե անգամ հստակ սահմանված չէ՝ այդ ինչ ենք ուզում, որ մենք չենք կարող ստեղծել ու պիտի հենց նրա ձեռամբ գա, միևնույն է, սպասում ենք։ Բոլոր ժամանակների պատմության մեջ «ամենասպասվածը» տիտղոսը, հավանաբար նրանը՝ հրաշքինն է։

Սա գիտահանրամատչելի հաղորդում է։ Եվ թվում է՝ «հրաշք» ու «գիտություն» բառերը մեկ նախադասության մեջ չեն տեղավորվի։ Բայց մենք ի սկզբանե խոստացել ենք գիտական-մասնագիտական աչքով նայել առօրյա կյանքի մաս կազմող երևույթներին, իսկ ամանորյա առօրյան հրաշքի մասին է։

Այսպիսով՝ ի՞նչ է հրաշքը, ինչո՞ւ ենք որոշել, որ այն օրացույցը՝ ձեռքին, աչքը՝ ժամացույցին սպասում է, թե երբ է գալու Նոր տարին, որ ինքն էլ գա, ինչի՞ն և ինչո՞ւ է մարդը «Հրաշք» անունը տալիս, ովքեր են հանդգնում ստանձնել այն բերողի դերը․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Երբ որոշում ես կայացնում զբաղվել գիտությամբ, չես կարող քո անձնական ամբիցիաներից և ճանաչողական ձգտումներից լրիվ առանձնանալ, օտարանալ ու մենակ զբաղվել ուսումնասիրություններով` կոնկրետ դիսցիպլինայի կամ գիտակարգի սահմաններում։ Հրաշք-մագիա-գերբնականին հավատալու պատճառների փնտրտուքները անձնական հետաքրքրության հիմք ունեն։ Ուզում ես հասկանաս՝ գիտությունը ինչի է դրանց հակառակվում կամ ինչի են դրանք հակագիտական»։

Այսպես Նարինե Աբգարյանը ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում ասպիրանտի որակավորում ստանալուն, դասախոսելուն, նեղ մասնագիտական ուսումնասիրություններ կատարելուն զուգահեռ սկսեց հետազոտել հրաշքը։ Գիտական աշխատանքներին բնորոշ կանոններով զրույցը սկսում ենք հասկացություններից ու դրանց սահմանումներից։ Հնչում է պատասխանների մի ողջ բազմազանություն ունեցող հարց՝ ի՞նչ է այն․

«Եթե փորձենք ավելի ժողովրդական սահմանում տալ, դա արտառոց իրականություն է, որը ինչ-որ տեղ գերազանցում է բնության հայտնի օրենքները: Գիտությունն ասում է, որ հրաշքը մի արտառոց իրականություն է, որի բացատրությունը դեռևս գիտությունը չի տվել կամ շատ հազվագյուտ պատահականություն է, որին հաճախ գիտությունը ավելի է հակված։ Ես փորձեմ մի քիչ էգոիստորեն իմ նախընտրած բացատրությունը դրանից ընտրել․ դա հետևյալն է, որ մարդու ամենաբազային վախերից մեկը վախն է անորոշությունից, անգամ որ ասում են ամենակարևոր մեկը վախն է մահից, տեսություն կա, որ մահից մարդիկ վախենում են այնքանով, որքանով որ չգիտեն՝ դրանից հետո ինչ կա, դրա համար ստեղծել են պատկերացումները դրախտի, դժոխքի մասին, որ ինչ-որ մի ձև պատասխանեն էն հարցին, թե ինչ է լինում մահից հետո»։

Այսպես մի ժամանակ «հրաշք» կատեգորիայի կարկառուն ներկայացուցիչներից էր կայծակը կամ անձրևը՝ երաշտի օրերին։ Հրաշքի էր նման մի քանի փողոց, էլ ուր մնաց՝ մի քանի մայրցամաք այն կողմ գտնվող մարդու հետ առանց բղավելու լսելի լինելու միտքը, հրաշք է բժշկի այն աշխատանքը, որից մենք ոչինչ չենք հասկանում։ Այսպես ձևավորվում ու ամպրապնդվում են մշակութային սովորություններ․

«Եթե դիտարկենք մարդուն՝ որպես սարդոստայնի մեջտեղում նստած սարդ, ինքը անընդհատ գործում է իմաստներ ու էդ սարդոստայնը ընդհանուր դառնում է էդ մարդու կամ էդ ժողովրդի մշակույթը։ Նախագիտական ժամանակներում, երբ, օրինակ, մարդիկ չգիտեին՝ ինչու է լինում կայծակը, այն վախենալու էր, և որպեսզի էդ բազային վախը ցրեն, տալիս էին բացատրություններ։ Ենթադրենք՝ այնտեղ Աստված է նստած, բարկանում է և ստեղծվում է կայծակը, ստեղծվում է անձրևը։ Պրակտիկաներ էին ավելացնում՝ ինչ-որ զոհեր մատուցենք, որ բարկությունը դադարի»։

Բայց մարդը սովոր է ոչ միայն արդեն տեղի ունեցող երևույթներին տալ այդ անունը, այլ սպասել, որ տեղի կունենա մի բան, ինչը կկոչվի այդպես։ Սա, ըստ Նարինե Աբգարյանի, նոր մշակույթ ստեղծելու ու դրա շուրջ համայնք կառուցող հրաշալի մեխանիզմ է։ Ասում է՝ մարդը գիտի, որ կոնկրետ օրվա կոնկրետ ժամի իր նման հազարավորները երազելու են հրաշքի մասին։ Դառնում է հավատացողների համայնքի մի մաս։ Իսկ համայնքը զորավոր է, մարդն ուզո՛ւմ է այնտեղ լինել։

«Եթե սոցիալ-հոգեբանական տեսանկյունից դիտարկենք, դա տալիս է մխիթարանք և հույս, որովհետև եթե մարդը գտնվում է անելանելի իրավիճակում, ֆիզիկական ոչ մի օգուտ չի ունենա էդ ինքնատանջումից։ Մի ֆիլմ կար, սիրուն արտահայտություն ուներ, ասում է՝ բոլոր կենդանիները ապրում են ներկայով, բացի մարդուց, ով ապրում է ապագայով, դրա համար հորինել են հույսը։ Էդ հույսի գաղափարը կա հրաշքի մեջ, դրա համար ռիտուալային, հրաշքի սպասող էդ պրակտիկաները մեզ դուր են գալիս։ Դա ինչ-որ տեղ նաև մտավոր էքսպերիմենտ է, որովհետև մեզ տրված է մեկ ճանաչելի իրականություն, և ամեն դեպքում միշտ ավելի հետաքրքիր է՝ բա էլ ի՞նչ իրականություններ կարող էին լինել, եթե անգամ գիտակցում ենք ներկա իրականության, ռացիոնալ գիտության գերակայությունը, ամեն դեպքում մեր միտքը սիրում է էքսպերիմենտներ, ու մենք միշտ ուզում ենք մտածել՝ բա էլ ո՞նց կարող էր լինել իրականությունը»։

Իսկ ինչպե՞ս է բացատրվում այն դեպքը, երբ մարդն «ամանորյա հրաշք» պիտակի տակ սպասում է, օրինակ, նոր տարում դեպի Փարիզ ուղևորության (այն դեպքում, երբ փաստաթղթերն արդեն դեսպանատանն են), բնակարանամուտի (երբ ձեռք բերած տան կառուցապատողը խոստացել է բնակարանը շահագործման հանձնել) կամ կարիերային աճի․ բաներ, որոնք տեղի են ունենալու իր ջանքի շնորհիվ՝ խիստ տրամաբանորեն, բայց փաթեթավորվում են որպես հրաշք․

«Եթե դու մտքումդ անընդհատ ունես, որ ես պետք է գնամ Փարիզ, դու, անկախ քեզնից, սկսում ես թղթեր հավաքել, դեսպանատուն դիմել, գործողություններն անում ես, վերջում, որ գնում ես, մտածում ես՝ ինչ լավ էր, ես վիզուալիզացրեցի ինձ Էֆելյան աշտարակի կողքին, դա ստացվեց, ոնց որ ինքդ ավելի ցածրացնում ես քո արած էդ տրամաբանական գործողությունները։ Սա նույնպես գիտական տերմին ունի, կոչվում է ապոֆինիա։ Շատ հետաքրքիր ու շատ մարդկային բան է օրինաչափություններ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան։ Սիրուն պրակտիկա է շամպայնը խմելը, շնորհավորելը կամ երազանք պահելը տոնածառի խաղալիք կախելուց․ ինչի՞ դա չանենք։ Կարևոր է, որ ամեն դեպքում չկորցնես քեզ էլի էդ ապոֆինիայի մեջ»։

Նարինե Աբգարյանը հրաշքի վրայից կախարդական փոշին մաքրելու նպատակ չունի։ Բայց գիտությունն ու կախարդանքն անհամատեղելի են։ Երազանք պահելն ու գեղեցիկ ավանդույթներ ունենալը հրաշալի են՝ ասում է, բայց հրաշքը երբեմն տեսանելի բացատրություն ունեցող մի բան է։ Ասենք՝ ցանկացաք, աշխատեցիք և ունեցաք, հավաքվեցիք մտերիմներով, հավաքեցիք ջերմ հիշողություններ և այ քեզ հրաշք՝ ընտանքն ավելի խաղաղ դարձավ։

«Քանի որ հիմա դեկտեմբեր ամիսն է, իսկ դեկտեմբերը մեզ մոտ նախատոնական իրավիճակ է, նախատոնական տրամադրություն, ակտիվացել են մանկապարտեզների հանդեսները, կորպորատիվ միջոցառումները, և այդ ամենի անբաժան հյուրն է Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ուստի մինչև այս ժամը, թերևս, մենք հենց այդ աշխատանքի մեջ ենք, այսինքն՝ իրականացնում ենք Ձմեռ պապի և Ձյունանուշի անփոխարինելի, էսպես ասեմ, հեքիաթի ու հրաշքի մատուցումը մեր հրաշք պատվիրատուներին»,- ասում է Սևակ Հարությունյանը։

Սա «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ զրույցը ոչ թե դեմ-դիմաց, այլ հեռախոսակապի միջոցով է կազմակերպվում։ Այսպես անել չի կարելի։ Բայց Ձմեռ պապը ժամանակ չունի։ Տուն առ տուն անցնելու ընթացքում Ռադիոտուն մտնել չհասցրեց։ Գործը շատ է՝ ասում է, պիտի երեխաների համար հրաշք ստեղծի։ Ամեն դեպքում փորձել ենք իմանալ՝ ի՞նչ է նշանակում աշխատել հրաշքի հետ։

«Ձմեռ պապիկի աշխատանքը անում եմ 2012 թվականից ի վեր, էնքան հրաշք պահեր եմ ապրել ես ու ապրեցրել էդ նույն պահերը երեխաներին, որ ամեն անգամ նորովի լիցքավորված արդեն տասներկու տարի ուրախացնում եմ նրանց։ Ցանկացած մարդ կարող է հրաշք ստեղծել, ուղղակի էստեղ շատ կարևոր է, թե որքանով ես դու տեսնում էդ հրաշքը, որքանով ես դու կարողանում քո տեսածը վերլուծել որպես հրաշք։ Բնականաբար հողեղեն ենք ու ամեն մեկս ունենք մեր պրոբլեմները, հանապազօրյա հաց ենք վաստակում, բայց էստեղ մի շատ-շատ կարևոր բայց կա․ արդյոք ես ուզում եմ տեսնել աշխարհը հենց էդ վատ կոնտեքստով, թե՞ ես ուզում եմ էդ աշխարհը տեսնել լավ կոնտեքստով»։

Երեխաները պիտի վստահ լինեն, որ հրաշքներ լինում են։ Սևակ Հարությունյանն ինքն էլ հավատում է այս մտքին ու պնդում՝ դա պետք է տարածել հատկապես դժվար պահերին։ Ընդ որում՝ հրաշք ասելով ոչ մի վերերկրային բան նկատի չունի։ Ասում է՝ հուսահատվածին՝ լավատեսություն, մտահոգվածին՝ ընդմիջման րոպե, տխուրին՝ ժպիտ տալն էլ երբեմն հրաշք է։

«Ես չեմ ասում՝ վարդագույն ակնոցներ է պետք դնել աչքերին ու ապրել դրանով։ Բայց երբ պատերազմ էր Արցախում, ես ծաղրածուի շորեր հագած, դեմքս ներկած գնում էի և Արցախից եկած երեխաների համար ստեղծում էի հեքիաթ՝ վերհիշելով «Հին օրերի երգը» ֆիլմը, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին թատրոն էին բեմադրում՝ Քաջ Նազարը։ Ես, լինելով ծաղրածու, էնքան եմ հանդիպել՝ երկրում պատերազմ է, իսկ դուք կապիկություն եք անում։ Ժողովուրդ, ես, այո, թող կապիկություն անեմ։ Ես էս պահին կարողանում եմ իմ երկրին կամ էնտեղից եկած երեխային օգնել դուրս գալ սթրեսից և հավատալ, որ ամեն դեպքում ամեն ինչ լավ է լինելու»։

Հրաշք բոլորին է պետք ու բնական է դրան սպասելու մարդկային ձգտումը՝ ասում են զրուցակիցներս։ Սա որևէ աղերս չունի խավարամտության, հակագիտական պատկերացումների կամ անգործության հետ։ Երեխան՝ հեքիաթի, հավատացյալը՝ օրհնանքի, գիտնականը՝ դեռ չբացահայտված երևույթի է սպասելու, որ իրադարձությունների դրական զարգացման հույս ու ապագայի նկատմամբ հետաքրքրություն լինի։ Մարդու՝ ավելի հեշտ կյանքի, ձգտումը բացատրել պետք չէ։

Բայց մարդու առօրյա կյանքում տեղ գտած երևույթների գիտական բացատրությունները գտնել մենք կփորձենք նաև 2025-ի ընթացքում՝ այդ հարցում ևս հույսը միայն հրաշքի վրա չդնելով, բայց նրան, բոլոր դեպքերում, գրկաբաց-սրտաբաց սպասելով։

Source link

Leave a Comment