Գրիգոր Հարությունյան․ խմբավար, մանկավարժ, գիտնական. «Երաժշտական եռանկյունի»

Մենք հաճախ ենք անդրադառնում այնպիսի կարևոր թեմայի, ինչպիսին է մշակույթի և կրթության համակցումը, որն առավել կարևորված է երաժշտության բնագավառում։

Խմբավար Գրիգոր Հարությունյանը միշտ առիթներ է տալիս զրուցելու բեմարվեստի, երաժշտագիտության և մանկավարժության առանցքում գտնվող կարևոր հարցերի շուրջ։

«Այնպես է ստացվել, որ մանկավարժությունն ու խմբավարությունը իմ կյանքի կարևորագույն հանգրվաններն են, ես ղեկավարում եմ մի քանի երգչախումբ Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցում, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում և Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում։ Նաև Ռ.Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի խմբավարության բաժնի վարիչն եմ և դասախոս» — ասում է Գրիգոր Հարությունյանը։

Այն հանգամանքը, որ մեր հաղորդման հյուրը աշխատում է մի քանի տարիքային և մասնագիտական խմբերի հետ՝ թույլ է տալիս նրան դիտարկել երաժշտության  ասպարեզում եղած խնդիրները և՛ լայն իմաստով՝ մանկավարժական, և՛ նեղ մասնագիտական-խմբավարական առումներով։

Մեթոդական, ծրագրային և երաժշտագիտական բնույթի համալիր լուծումների անհրաժեշտությունը դրդեց Գրիգոր Հարությունյանին կանգնել նաև գիտական ուղու վրա․ 2024-ին նա որոշեց շարունակել իր ուսումը ՀԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում։

Գրիգոր Հարությունյանը մի քանի երաժշտական ձեռնարկների, գրքերի հեղինակ է, կատարում է խմբերգային մշակումներ, գիտության ասպարեզում մասնակցում է գիտաժողովների և հանդես գալիս հրապարակախոսականներով և հարցազրույցներով։

Source link

Leave a Comment