Քիշնեւի քաղաքապետ Իվան Չեբանը հանրապետության կառավարությանը մեղադրել է անգործունակության մեջ՝ էլեկտրաէներգիայի սակագնի կրկնապատկման մասին լուրերից հետո։
«Կառավարության թուլության պատճառով մարդիկ ստիպված կլինեն ավելի շատ վճարել էլեկտրաէներգիայի համար՝ ավելի քան երկու անգամ, սա հսկայական ճնշում է ինչպես քաղաքացիների, այնպես էլ տեղական իշխանությունների և տնտեսական գործակալների վրա»,-գրել է Չեբան իր Telegram ալիքում։
Քաղաքապետը դատապարտել է իշխանությունների գործողությունները, որոնք, ըստ նրա, էներգետիկ ոլորտում խնդիրներ լուծելու փոխարեն քաղաքացիներից պահանջում են սահմանափակել սպառումը, իսկ քննադատողներն ու «դժգոհները դասվում են ժողովրդի թշնամիների շարքին»։
Չեբանը նաև հասարակական կարծիքի «մանիպուլյացիա» է անվանել Ամանորի տոներին քաղաքի տոնական լույսերն անջատելու պահանջը։
«Կենտրոնական իշխանությունների անկարողությունը մեզ առանց միջոցների է թողնում բազմաթիվ այլ ծրագրերի համար, ինչպիսիք են ճանապարհների, բակերի, դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգումը, ինչպես նաև սոցիալական և շատ այլ նախագծերը»,- նշել է նա։