Ամենաերջանիկ ընտանիքը յոթ երեխայի տեսք ունի |

[ad_1]

« Տոնածառ երեխեքը շատ էին ուզում ,Նոր տարին սկսվել էր,թե բա մենք տոնածառ չունենք: Ես էլ մտածում էի , որ տոնածառ էդ պահին պետք չի , ավելի կարևոր հոգսեր կար հոգալու:Ու մի օր էլ ինտերնետում տեսա,որ մարդիկ կան իրենց օգտագործածը նվիրում են արցախցի ընտանիքներին:Գրեցի մեծ սիրով համաձայնվեցին,տոնածառը տվեցին իրա խաղալիքներով ու զարդերով: Երեխեքն էլ անչափ ուրախացան,ու էս տարի էլի մեծ ուրախությամբ զարդարեցինք: Ճիշտա տոնածառը փոքրա ,բայց մեծ սրտովա զարդարած, մեծ հարգանքով են մեզ նվիրել ու շատ ուրախ ու շնորհակալ ենք»,-ասում է Թագուհի Բալայանը :

Փոքր տոնածառով,բայց մեծ սրտով՝ Բալայանների բազմանդամ ընտանիքը 2025 թվականին է ընդառաջ գնում: Մի քիչ ուրախ,մի քիչ տխուր բայց կարևորը՝ 7 երեխաների աղմուկ-աղաղակով է լցված նրանց տունը:

Օրվա մեջ մի քանի անգամ է Բալայանների տոնածառը զարդարվում ու էլի շատ արագ քանդվում : Վերջին օրերին հատկապես, դա տան ամենափոքրերի սրբազան գործն է դարձել:

Ընտանիքը 2023-ին Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից է բռնի տեղահանվել,դա նրանց երկրորդ գաղթի ճանապարհն էր,պարզապես այս անգամ վերջնական եկան ու այլևս հետ գնալ չկարողացան: Շուրջ 1 տարի է Բալայանների կեցության հասցեն Լոռու մարզի Ստեփանավան քաղաքն է դարձել, փոքր ինչ հարմարվել են, փորձում են ապրել առանց Արցախ ,բայց Արցախի հետ հիշողություններով:

Ընտանիքի հայրը՝Ասծատուր Բալայանը ասում է՝ հույսերն ու ուրախությունն այստեղ ոչ թե տոնի, այլ հիշողությունների հետ են կապում:Երկար փնտրտուքից, չլուսացող գիշերներից հետո նրանք հետ կամ առաջ քայլելու խաչմերուկում են։Ու այդ խաչմերուկում որոշել են ապրել հայրենիքի ու իրար համար, 7 երեխայի երջանկության ու բարօրության համար:

Մեծ ընտանիքը՝ մեծ հոգսերին զուգահեռ նաև իր առավելություններն ունի. օգնող ձեռքերը շատ են, -ասում է տան տիկինը։ Այս ընտանիքում յուրաքանչյուրը իր գործը լավ գիտի ,բոլորը մեկը մեկին օգնում են ու կարևորը՝ սերն ու համերաշխությունն է Բալայանների ընտանիքին  առաջնորդում:  

Ամենաընտանեկան տոնն արդեն երկրորդ անգամ առանց հայրենի տան են դիմավորելու՝ ուրիշի տանը, բայց  հայրենիքում։ Ծննդավայրն ու տունը կորցրած ընտանիքը ամեն դեպքում այստեղ նոր տուն է ստեղծում, ասում են՝ թեկուզ կիսատ ու պռատ սեղան կդնեն ,Ամանորը կդիմավորեն համեստ ու պարզագույն հնարավորություններով, բայց  կարևորը ՝ բոլորով սեղան կնստեն: Ամուսիներով որոշել են , որ այս տարի գոնե հրաշքին սպասող ու հավատացող  փոքրիկների կողմից  Ձմեռ պապին ուղարկված նամակները անպատասխան չեն թողնելու:

Տոնածառն ու տոնական սեղանը միայն արտաքին ձևավորումներն են, իսկական տոնը գալիս է, երբ ուզում ես մի բան փոխել կյանքումդ՝ ասում է ընտանիքի մայրը: Նրանց տան սեղանը 1  տարվա դադարից հետո այս տարեմուտին կլցվի, որովհետև նրանք ուզում են ապրել ,նորից արարել: Հանուն իրենց երեխաների՝տոնը նրանց համար  այլևս 7 երեխայի տեսք ունի:

2025 -ին Բալայանների ընտանիքը շատ երազանքներ չունի ,միայն թե սեփական տանիք են ուզում ունենալ իրենց գլխավերևում ու մեկ էլ՝ մի պատառ խաղաղություն:

Հրաժեշտ ենք տալիս Բալայանների ընտանիքին, որոնք միգուցե արցունքը հոգու խորքում անթեղած ու գուցե մեծ ճիգերով՝ նոր տուն են ստեղծում, իսկ մեզ հանգիստ չեն տալիս  Ղազարոս Աղայանի ողբերգական տողերը.

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Բաժանորդագրվեք  «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության յութուբյան ալիքին, տեղեկացեք Լոռու և Տավուշի մարզերում կատարվող իրադարձություններին, աջակցեք մարզային հեռուստաալիքի հետագա գործունեությանը: Բաժանորդագրվել կարող եք հետևյալ հղումով:

Source link

Leave a Comment