Անմարդաբնակ գյուղի ամանորը |

[ad_1]

Տարեմուտին մեր տեսախցիկը կրկին հայտնվել է այնտեղ, որտեղ վերջանում են սովորական ճանապարհները, որտեղ շուրջբոլորն անտառներ,անմատչելի լեռնագագաթներ են: Գնում ենք Վերին Ախթալա գյուղ՝ որտեղից կյանքը վաղուց հեռացել է: Վերջին անգամ այստեղ եղել ենք երկու տարի առաջ, դժվարամատչելի ձյունառատ ճանապարհներով հասել ենք բնակավայր՝ որի միակ բնակիչները Խաչիկյան ամուսիններն են: Խիտ անտառներով անցնող ճանապարհը տանում է հայ-վրացական սահմանի այն բնակավայրը, որտեղ միայն մեկ տուն է ծխում: Գյուղի ամենաներքեւում դատարկ ու քանդված տների մոտ վերջապես երեւում են մեզ սպասող  ամուսինները, մարդիկ, որ բառի բուն իմաստով, այս գյուղի պահապաններն են՝ Լոռու սահմանապահները:

Վերին Ախթալայի 67-րդ տունն է միայն մարդաբնակ,մոտ 100 տնտեսությունից միայն մեկում կյանք կա, մնացածը դատարկ ու անշունչ են: Ընդհանրապես, ցավալի է  գիտակցել,որ երբեւէ եռուն կյանք է եղել,դպրոց, մանկապարտեզ, բուժկետ , ակումբ, որ այս փողոցներով երեխեներ են վազվզել, ծիծաղի ու լացի ձայներ լսվել: Արդեն երկար տարիներ տիկին Ասյայի եւ պարոն Սերժիկի միակ երազանքը՝ հարեւան ունենալն է:

Անհնար է լսել տիկին Ասյային ու չհուզվել. բացառիկ մարդ ու կին, մարմնով վտիտ բայց հոգով՝ ուժեղ: Նրա փոխարեն ցանկացած կին՝ ունենալով հարմարավետ պայմաններ քաղաքում, կթողներ բնակավայրն ու կգնար: Համաձայնեք, որ հեշտ չէ ապրել մի վայրում, որից ամենամոտիկ բնակավայրը տասնյակ կիլոմետրեր հեռու է, մոտ է վրացական սահմանին, բայց ադրբեջանցիներով բնակեցված գյուղեր են սահմանից անդին։ Դրան էլ գումարած՝ ճանապարհ կածանը անցնում է անտառամիջյան քարուքանդ ճանապարհով, իսկ ձռմանն էլ այստեղ  ջերմաստիճանը նվազում է մինչեւ մինուս 25 աստիճան։ Առատ տեղումների ժամանակ ընդհանրապես փակվում է ճանապարհն ու օրերով մնում են շրջափակման մեջ, շատ հաճախ առանց հոսանքի՝ մթության մեջ: Բայց միեւնույնն է՝ պատրաստ չեն լքել իրենց սահմանն ու հողը, որ 30 տարի կերակրել է իրենց:

Այստեղից Ասյան հսկում է նաեւ քաղաքի իր տունը: Դեպի Ախթալան բացվող գեղեցիկ տեսարանը ոգեշնչում է նրան:

Խաչիկյաններն այստեղ՝ անմարդաբնակ գյուղում արդեն հինգերորդ ամանորն են նշում,իսկ ընդհանրապես 34 տարի Վերին Ախթալայում են ապրում: Ժամանակին մեծ տնտեսություն, մեծաքանակ անասուններ ունեին, հիմա՝ մի քանի հավ, խոզ ու մեղուներ, դա էլ՝ բացառապես ընտանիքի համար: Ամանորը երեխաների հետ դիմավորելու առաջարկը մերժել են ու նրանց են սպասում գյուղում: Սերժիկ պապն էլի ավանդական խորովածի կրակը կվառի, կաղին ու հաճար կերած մի խոզ կմորթի ու ընտանիքին իրար գլխի կհավաքի:

Միայն խաղաղություն,ուրիշ ոչինչ ամուսիններին պետք չէ: Ամանորի սեղանը համեստ կլինի, միայն այն, ինչ սիրում են թոռնիկները, հետո էլ շատ բան պահել չեն կարող, հոսանքը հաճախ է անջատվում, երբեմն օրերով մնում են առանց լույսի ու սառնարանն էլ ստիպված դատարկում են: Բայց դրանք մանր- մունր հարցեր են,-ասում է տիկին Ասյան: Բնությունը կերակրում է, այստեղ մեղրի նման քաղցր մրգեր են աճում, լավ բանջարեղեն ու առհասարակ ամեն ինչ:

Խաչիկյաններն ապրում են երեխաների թոռների ուրախությամբ ու կարեւոր առաքելությամբ: 44-օրյա պատերազմից հետո տոնածառ չեն զարդարում, բայց սեղան չբացել չեն կարող :

Լքված գյուղը պահող ամուսինները լավատես են, ամանորյա մաղթանքները՝ ոգեւորիչ ու գոտեպնդող: Նրանք այդպիսին են՝ ուժեղ,անվախ, ու ամենակարեւորը, երբեք չհուսահատվող:

Սա լքված գյուղում ապրող ամուսինների պայքարն է՝ չլքել, չթողնել հողը, տունն ու հայրենիքը: Նրանք հավատարիմ են  իրենց փոքր հայրենիքին, ու  ըստ էության, նման փոքր ճամփորդությունների հնարավորություն  ունենում ենք հենց նրանց շնորհիվ , չէ՞  որ նրանք են անմարդաբնակ այս գուղի պահապանները, ու նրանց շնորհիվ է Վերին Ախթալայում դեռ մի լույս վառվում:

Բաժանորդագրվեք  «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության յութուբյան ալիքին, տեղեկացեք Լոռու և Տավուշի մարզերում կատարվող իրադարձություններին, աջակցեք մարզային հեռուստաալիքի հետագա գործունեությանը: Բաժանորդագրվել կարող եք հետևյալ հղումով:

Source link

Leave a Comment