
Չինաստանի Տյանցզինի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ միայնակությունը բացասաբար է ազդում սրտանոթային համակարգի վրա: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով հետազոտության արդյունքներին, որոնք հրապարակվել են Biological Psychology (BioPsy) ամսագրում:
Գիտափորձին մասնակցել է 17-29 տարեկան 97 ուսանող։ Նրանց առաջարկել են մեկ օրվա ընթացքում ձեռնպահ մնալ նիկոտինից, կոֆեինից եւ ալկոհոլային խմիչքներից, իսկ թեստերից մեկ ժամ առաջ հրաժարվել սննդից։ Ուսանողներին հինգ րոպեանոց հրապարակային ելույթ էր սպասվում, ինչը կոչված էր օրգանիզմի սթրեսային ռեակցիա առաջացնելու։
Պարզվել է, որ միայնակ մարդկանց մոտ սրտի եւ անոթների ռեակցիաների կարգավորման արդյունավետությունն ավելի ցածր է եղել, քան հետազոտության ավելի սոցիալապես ակտիվ մասնակիցների մոտ։ Այս ազդեցությունը հատկապես արտահայտվել է միայնակ կանանց մոտ։