«Ռադիո Վատիկան»-ի հայկական բաժինը․ Հռոմի պապի ձայնը՝ հայերենով

«Ռադիո Վատիկան» հնագույն ռադիոկայանի հայկական բաժինը սկսում է Հռոմի պապի՝ 2025-ի սուրբ տարվա հոբելյանական միջոցառումների լուսաբանումը։

Ֆրանցիսկոս պապի կողմից հոբելյանական հռչակված այս տարվա ընթացքում շուրջ հիսուն լեզուներով հեռարձակվող, քահանայապետի խոսափող համարվող «Ռադիո Վատիկան»-ը  նպատակ ունի ողջ աշխարհի առաջ բացել հույսի դուռը՝ յուրաքանչյուրին փոխանցելու՝ «ձեզ համար նույնպես հույս կա» ուղերձը։ 

Հանրային Ռադիոն հոբելյանական տարեմուտի օրերին հյուրընկալվել է Հռոմի սրտում գտնվող քահանայապետի գործունեությունը լուսաբանող «Ռադիո Վատիկան»-ի հայկական բաժնում։

Վատիկանի պետական ռադիոն ողջ քաղաք-պետության հետ պատրաստվում է հոբելյանական տարվան։ 2025-ը Հույսի տարի է։ 

Վատիկանի և Հռոմի կարևորագույն հատվածները վերանորոգվել են 2025-ին ակնկալվող 35 միլիոն զբոսաշրջիկների հոսքին ընդառաջ։ 

«Ռադիո Վատիկան»-ի հայկական բաժնի այս տարվա թեման քահանայապետի՝ Հույսի տարվա միջոցառումներն են։

Հյուրընկալելով մեզ կաթոլիկ աշխարհի սրտում գտնվող «Ռադիո Վատիկան»-ում՝ պատմում է հայկական բաժնի ղեկավար Ռոբեր Աթարյանը․ «Այս սուրբ տարին նվիրվում է հույսի թեմային՝ ասելով, որ  Մարդկությունը կարիք ունի հույսի․ մեր հույսը պետք է կենտրոնացած լինի Հիսուսի վրա, որ աշխարհին տվեց մեկ պատվիրան՝ սիրել։ Սա է մեր հիմնական ծրագիրը 2025-ի»։ 

Վատիկան պետության ստեղծումից երկու տարի անց՝ 1931-ին Պիոս XI-րդ քահանայապետի նախաձեռնությամբ բացվեց «Ռադիո Վատիկան»-ը․ հայկական բաժինն էլ արդեն 65 տարվա պատմություն ունի, ստեղծման օրվանից աշխարհի հայերին է հասցնում Աստծո խոսքը․ 

«Այսօրվա դրությամբ մենք ունենք ամենօրյա հայկական ռադիոժամ, որը կտևի 19 րոպե։ Դրանում ներառված են տարբեր տեղեկություններ, առաջին հերթին քահանայապետին առնչվող լուրերն են»։ 

«Ռադիո Վատիկան»-ի ունկնդիրների թիվը ողջ աշխարհում անցնում է չորս միլիոնը, հայկական հաղորդումներն ունկնդրում են Հայաստանում, Միացյալ նահանգներում, Մերձավոր Արևելքում, նույնիսկ Չինաստանում՝ շուրջ երկու տասնյակ հազար քաղաքացիներ։

Հոբելյանական այս տարում զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ ակնկալվում է հնագույն այս ռադիոկայանի շուրջ առավել մեծ հետաքրքրություն։

Շուրջ հիսուն լեզուներով հաղորդումներ հեռարձակող 95-ամյա ռադիոն, որի ստեղծման հիմքը Պիոս XI-րդի հետ դրել է հենց ռադիոգյուտարար Գուլիելմո Մարկոնին, գտնվում է Վատիկանի կենտրոնում՝ կաթոլիկ կենտրոնի գլխավոր կառույցի՝ Սուրբ Պետրոս տաճարի և Սուրբ Հրեշտակի ամրոցի (Castel Sant’Angelo) հարևանությամբ։  

Այս շենքում ավելի քան 60 ազգերի ներկայացուցիչ լրագրողներ են աշխատում՝ հարստանալով մեկը մյուսի պատմությամբ, մշակույթով, լեզվով ու բազմազան ավանդույթներով։  

«Մենք շատ կփափագենք՝ ասելով երանի աշխարհի մեջ  կարողանային ապրել այն եղբայրություն ու բարեկամությունը, որ մենք ենք ապրում այս շենքի մեջ։ Մենք համախմբված ենք ավետարանի շուրջ։ Դա մաղթանք է, որ այս իրականությունը փոխանցվի, որպեսզի մարդիկ կարողանան ապրել խաղաղությամբ ուն անդորրությամբ, պատերազմների ու միմյանց դեմ կռվելու փոխարեն։ Ֆրնացիսկոս պապը շարունակ հիշեցնում է՝ պատերազմը պարտություն է բոլոր կողմերի համար», — ասում է հայկական բաժնի ղեկավար Ռոբեր Աթարյանը։ 

2024-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի շուրջ հարյուրավոր կոչերը խաղաղության հաստատման, աշխարհի տարբեր հատվածներում ընթացող պատերազմների, զենքի արտադրության ու դաժանությունների դեմ էին։

Source link

Leave a Comment