
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Սպիտակ տանը Թրամփ – Զելենսկի հանդիպումը, որին ներկա են եղել ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը, նաև այլ պաշտոնյաներ, բազմաթիվ լրատվամիջոցներ, ըստ էության, անցել է աննախադեպ կոպիտ:
Հավանաբար շատերդ տեսել եք արդեն տեսանյութերը, ծանոթացել եք հաղորդագրություններին:
Ընդ որում, հանդիպումը կարծես թե սկսում էր բավականին լավ: Թրամփը Զելենսկուն դիմավորեց մուտքի մոտ: Բայց, հանդիպման ընթացքում հանկարծ ծավալվեց լարվածություն, և Զելենսկին պարզապես ենթարկվեց ուժգին, աննախադեպ գրոհի:
Ամենից էականը Թրամփի հայտարարությունն էր, թե՝ «եկա եզրահանգման, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»:
Սա, ըստ իս, նշանակում է, որ Զելենսկու վրա է բարդվում պատերազմի շարունակությունը: Կարծում եմ, որ ամերիկյան տեխնոլոգները բավականին հմտորեն կազմակերպել են լարվածությունը Սպիտակ տանը՝ Զելենսկուն հմտորեն ներքաշելով բավականին դաժան մի ծուղակ, որի վերջում Թրամփը անում է իր եզրահանգումը, այսինքն, ինչպես նշեցի՝ պատերազմի շարունակությունը, ըստ այդմ՝ նաև հետևանքը, բարդում նրա վրա:
Հիմա գլխավորը: Էր Ռիյադում բանակցությունից հետո իմ անդրադարձերում ես նկատեցի, որ կարծես թե քննարկվել է պատերազմի շարունակության միջոցով որոշակի վերադասավորումների տարբերակ, երբ սակարկության քաղաքական համաձայնությունները հնարավոր է իրագործել միայն պատերազմի միջոցով: Ընդ որում, հետո արեցի մեկ այլ գրառում, նկատելով, որ Էր Ռիյադի հանդիպումից հետո Թրամպը ուժգնացրել է գրոհը Զելենսկու հանդեպ, ինչը հաստատում էր առաջին եզրակացությունս:
Նախօրեին, Լավրովը՝ Դոհայում, Պեսկովը՝ Մոսկվայում, հայտարարում են, որ Ռուսաստանի Սահմանադրությամբ «ներառված» տարածքները չեն կարող լինել սակարկության առարկա: Սա նշանակում է, որ Ուկրաինայի՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեյի մարզերը Ռուսաստանը շարունակելու է համարել իրենը և դրանց վերաբերյալ չի գնալու որևէ փոխզիջման: Ամբողջ հարցն այն է, որ այդ շրջանների ոչ բոլոր տարածքներն են օկուպացված: Մինչդեռ Ռուսաստանը հայտարարում է, որ կողմնակից չէ պարզապես հրադադարին, կհամաձայնի միայն ամբողջական լուծումներ ենթադրող դադարին:
Եվ ուրեմն առաջանում է հարց՝ մինչև պատերազմի դադարը դրանք որևէ կերպ տրվելո՞ւ են Ռուսաստանին: Իսկ ինչպե՞ս, եթե ոչ պատերազմով:
Սա իհարկե իմ ենթադրությունն է, որ բխեցնում եմ՝ պրոցեսի դրվագները համադրելով և տրամաբանության իմ սխեման կազմելով:
Բայց, համենայն դեպս, կարծում եմ, որ հենց այդ սցենարի համար պետք է պատասխանատու, և ով, եթե ոչ Զելենսկին, այլ կերպ ասած՝ պարզապես արդեն իսկ վառված, խփված խաղաքարտը:
Համենայն դեպս, հետևենք: Բոլոր դեպքերում, որևէ կերպ չեմ կարողանում հավատալ, որ իրավիճակը Սպիտակ տանը պարզապես կարող էր այդ աստիճան դուրս գալ վերահսկողությունից և վերածվել «բազարի»: Հետևաբար կարծում եմ՝ դա հմտորեն մշակված «բազար» էր:
Գուցե և բոլորովին այլ նկատառումներով կամ պլանով, բայց հմտորեն «հյուսված» թակարդ»: