Այսօր մեկնարկեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որի նպատակն է հայկական կոնյակի համար նոր անուն ու բրենդ ստեղծելը: Երևանում կայացավ ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը, որին ներկա էին պետական կառույցների ու շահագրգիռ մասնավոր կառույցների ներկայացուցիչները: Կոնյակի համար նոր անուն ու բրենդինգ ստեղծելու համար Եվրամիությունը գրեթե 3 միլիոն դոլար է հատկացրել: Իսկ թե կոնկրետ ինչի՞ վրա է ծախսվելու այդ 3 միլիոն դոլարը և ինչո՞ւ պետք է պարտադիր հրաժարվենք «կոնյակ» անվանումից:
Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«2017 թվականին Հայաստանը Եվրամիության հետ ստորագրել էր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի կետերից մեկը պարտադրում է, որ Հայաստանը աստիճանաբար հրաժարվի «կոնյակ» անվանումից՝ սեփական բրենդին արտահանելուց:
Որպեսզի այս անցումն ավելի հեշտ լինի, Եվրամիությունը 2021 թվականի հունիսին Հայաստանին հատկացրել է գրեթե 3 միլիոն դոլարի դրամաշնորհ, որի նպատակն է ներգրավել միջազգային փորձագետների, ովքեր կօգնեն նոր, օպտիմալ անվանում գտնել, ստեղծել նոր բրենդ և ապահովել դրա առաջխաղացումը:
Այսօր, կարծես, այդ միջազգային փորձագետներն արդեն ներգրավված են, տարբեր միջազգային բրենդինգի համագործակցությունների համար հիմքեր են ստեղծվել, և այսօրվա միջոցառմամբ տրվել է ծրագրի պաշտոնական մեկնարկը։
Նշված 3 միլիոն դոլարը տնօրինելու են Էկոնոմիկայի նախարարությունը, Մտավոր սեփականության դեպարտամենտը և Գինեգործության հիմնադրամը։ Ես դժվարանում եմ գնահատական տալ՝ որքանով է օպտիմալ նման գումարի օգտագործումը՝ ընդամենը մեկ անվանում ստեղծելու և դրա բրենդինգը ապահովելու համար»։
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: