Փաշինյան. «Մարտի 1-ի գործում իրավական գնահատականի արժանացնելու և հետաքննելու հանգամանքներ կան»

«Կարծում եմ, որ Մարտի 1-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճի՛տ ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի արժանացնելու և քննելու, հետաքննելու», – այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դեռ 2018-ին Փաշինյանը պնդել էր՝ «Մարտի 1-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»: Իր այս խոսքերից 7 տարի անց Մարտի 1-ի գործով ոչ ոք չի պատժվել: Մարտի 1-ի զոհերի հուշարձանի մոտ այսօր Փաշինյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, թե ինքը երբեք չի ասել ամբողջությամբ, ամբողջությամբ բառը չի օգտագործել:

«Վերջին շրջանում տեղի է ունեցել Քննչական կոմիտեի նոր ղեկավարի նշանակում, նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթն է, նաև ժամանակին, երբ քննարկել ենք գլխավոր դատախազի թեկնածությունը, Մարտի 1-ի գործի բացահայտումը, Մարտի 1-ի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է այն կարևոր խնդիրներից մեկը և լինելու է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկերներին առաջադրել եմ», – նշեց վարչապետը:

Մարտի 1-ի ողբերգությունից 17 տարի տարի անց քաղաքացիները միայն պաշտոնատար անձանց են դատարանում տեսնում, իսկ թե ո՞վ էր կրակողը և ի՞նչ եղավ ստորին օղակներում, մինչ օրս հայտնի չէ: Վարչապետին հարցրինք՝ արդյոք բացահայտում ասելով հենց վերին օղակների՞ն նկատի ունի:

«Գործերը պետք ա բացահայտվեն էնքան, ինչքան դա հնարավոր ա բացահայտել, ինչքա՞ն ա հնարավոր բացահայտել, օբյեկտիվորեն ինչքա՞ն ա հնարավոր բացահայտել: Ինչքան հնարավոր ա բացահայտել, էնքան պետք ա բացահայտվի», – արձագանքեց Փաշինյանը:

Source link

Leave a Comment