«Ես երբեք չեմ ասել ամբողջությամբ»․ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 1-ի գործի մասին հիմա և 2018-ին

«Ես երբեք չեմ ասել ամբողջությամբ։ Ես ամբողջությամբ բառը չեմ օգտագործել, բայց ուզում եմ ասել նաև, որ կարծում եմ՝ մարտի 1-ի գործում հանգամանքներ ոչ թե բացահայտելու, այլ դրանց իրավական գնահատականի արժանացնելու, քննելու և հետաքննելու հարց կա»,- լրագրողների հիշեցմանը՝ դուք շարունակում եք պնդել, որ մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է, այն դեպքում, երբ մինչ օրս որևէ անձ պատասխանատվության չի ենթարկվել, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ 2018-ի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփող հանրահավաքում հայտարարել էր, որ «կարող ենք ասել, որ Մարտի մեկի գործն ամբողջ ծավալով բացահայտված է»։

Նիկոլ Փաշինյանը շարունակեց․ «Ես ասում եմ՝ բացահայտված է ըստ էության։ Ինչ է տեղի ունեցել։ Տեղի է ունեցել հետևյալը՝ բռնի ուժով բանակի ներգրավմամբ, հանցավոր խմբավորումների ներգրավմամբ, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում և սպանություններ։ Էս ամենը պետք է ինչ-որ ձևով ընթացք ստանա, իրավական գնահատական ստանա։ Դա պետք է իրականացնեն իրավապահները»։

Լրագրողների փաստմանը՝ 17 տարի անց մարդիկ միայն տեսնում են պաշտոնատար անձանց դատարանում, թե ով էր կրակողը, ինչ եղավ, մնում է հարցական և հարցին՝ արդյոք բացահայտումը դա՞ չպիտի լինի, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Գործերը պետք է բացահայտվեն այնքան, ինչքան դա հնարավոր է բացահայտել օբյեկտիվորեն։ Այստեղ կարևոր է արձանագրել հետևյալը՝ մենք ի վերջո մեր պետական համակարգում պետք է որոշենք՝ արդյոք այդ գործերի քննությունը պետք է ես վերցնե՞մ ու վարեմ։ Եթե մեր իրավակարգավորումն ուզում ենք փոխել այդ տրամաբանությամբ, փոխենք։ Բայց էլի եմ ասում․ այդ խնդիրը շարունակում է մնալ՝ այդ թվում նոր նշանակված ղեկավարների, իրավապահ համակարգի առաջ․ իմ կողմից դրված խնդիրն է։ Գլխավոր դատախազի թեկնածուի պարագայում քվեարկել է ՔՊ-ն, որի վարչության նախագահն եմ, Քննչական կոմիտեի նախագահին նշանակում է կառավարությունը, թեկնածությունն առաջադրել եմ ես, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին գալու են թեկնածուներ։ Այդ հարցի վերաբերյալ արձանագրումը և դիրքորոշումը կարևոր է լինելու»։

Հարցին՝ Դուք հավատո՞ւմ եք, որ հնարավոր է հասնել արդեն բուն հրաման տվողներին այս գործով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «թե չհավատամ, նման խնդիր չեմ դնի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



Source link

Leave a Comment