Վաշինգտոնի ու Բեռլինի հարաբերությունները անկախությա՞ն, թե՞ գործընկերության ճանապարհով

Փետրվարի 23-ին Գերմանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցությունների դաշինքը՝ Քրիստոնեա-դեմոկրատներն ու Քրիստոնեա-սոցիալական միությունը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, հաղթանակ գրանցեց՝ ստանալով ձայների շուրջ 30%-ը։

Գերմանական հեղինակավոր DW պարբերականը, ծավալուն հոդվածով վերլուծելով հետընտրական զարգացումները, արձանագրել է, որ քաղաքական իրավիճակը երկրում նոր շրջադարձ է ստանում։ Պահպանողականների հաղթանակն ու Վաշինգտոնին ուղղված կոշտ հռետորաբանությունն առանցքային են դարձրել հարցը՝ արդյո՞ք Գերմանիան փորձում է դուրս գալ ԱՄՆ ազդեցությունից, թե՞ ուզում է չկորցնել Եվրոպայում նրա առանցքային դաշնակցի կարգավիճակը։ 

Գերմանիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեծ արձագանք գտան ոչ միայն երկրում, այլև դաշնակիցների շրջանում՝ նկատել է գերմանական հեղինակավոր DW պարբերականը՝ ծավալուն հոդվածով վերլուծելով ընտրություններից հետո Գերմանիայում ստեղծված իրավիճակը։

Պարբերականը գրել է. «Գերմանիայում կայացած ընտրություններում ԱՄՆ-ն աջակցում էր ծայրահեղ աջերին։ Հավանաբար ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը տագնապած է։ Նա հայտարարել է Վաշինգտոնից կախվածությունը նվազեցնելու կուրսի մասին, սակայն հույս ունի պահպանել հարաբերությունները»:

Պարբերականը հիշեցրել է ընտրություններում հաղթանակից հետո Berliner Runde (Բեռլինի Ռունդե) հաղորդման ժամանակ Ֆրիդրիխ Մերցի ելույթը, որում վերջինը քննադատել էր  ամերիկյան միջամտությունը գերմանական ընտրություններին։

«Վաշինգտոնի միջամտությունները ոչ պակաս դրամատիկ, արմատական ​​և, ի վերջո, անբարեխիղճ էին, որքան այն միջամտությունները, որոնք մենք տեսանք Մոսկվայից։ Իմ բացարձակ առաջնահերթությունը կլինի հնարավորինս արագ հզորացնել Եվրոպան, որպեսզի քայլ առ քայլ անկախություն ձեռք բերենք ԱՄՆ-ից»։

Ի՞նչ է նշանակում ԱՄՆ-ից «անկախանալու» մասին Մերցի հայտարարությունը։ DW-ն տարակուսանքով հիշեցրել է Մերցի անցյալը, Վաշինգտոնի հետ նրա ամուր կապերը։ Նա եղել է գերմանա-ամերիկյան Atlantik-Brücke կազմակերպության ղեկավար, զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ ամերիկյան BlackRock ներդրումային հիմնադրամում և Mayer Brown իրավաբանական ընկերությունում։ Սակայն այժմ մտադիր է նվազեցնել Գերմանիայի կախվածությունը ԱՄՆ-ից՝ տարակուսել  է պարբերականի վերլուծաբանը։

DW-ի զրուցակից, Գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ Ջեք Ջեյնսի կարծիքով, սակայն, այդ գործընթացը կարճաժամկետ հեռանկարում դժվար իրագործելի է։

«Եվրոպայի համար ցանկալի կլինի ունենալ ավելի ինքնուրույն անվտանգության քաղաքականություն, սակայն դա պահանջում է լուրջ ռեսուրսներ»,-նկատել է փորձագետը։

Տնտեսական առումով ԱՄՆ-ն շարունակում է մնալ Գերմանիայի գլխավոր առևտրային գործընկերը։ Չնայած Մերցի հռետորաբանությանը, ըստ փորձագետի, Գերմանիան հնարավոր է փորձի ոչ թե կրճատել, այլ ընդհակառակը՝ ամրապնդել տնտեսական կապերը Վաշինգտոնի հետ։

Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ կրկին Սպիտակ տուն է վերադարձել ընտրություններից հետո, ողջունել է գերմանական «պահպանողական կուսակցության» հաղթանակը, սակայն չի նշել Մերցի անունը։ Ըստ գերմանացի փորձագետների, դա կարող է վկայել Վաշինգտոնի ու Բեռլինի հարաբերությունների նոր ձևաչափի մասին։

Այժմ Գերմանիայի քաղաքական դաշտում սպասվում են կարևոր զարգացումներ։ Մերցը նպատակ ունի մինչև ապրիլ ձևավորել կոալիցիոն կառավարություն սոցիալ-դեմոկրատների հետ և ստանձնել կանցլերի պաշտոնը։ Նրանց քաղաքական ուղեգիծը որոշիչ կլինի ոչ միայն երկրի, այլև Եվրամիության ու ՆԱՏՕ-ի համար՝ գրում է DW-ն՝ եզրափակելով. հարցն այն է՝ արդյոք Բեռլինը կկարողանա՞ գործել ինքնուրույն, թե՞ Թրամփի նախագահական երկրորդ ժամկետի կոշտ հռետորաբանության ֆոնին Մերցը ստիպված կլինի վերանայել իր արտաքին քաղաքական կուրսը։  

Գերմանիայի քաղաքական դաշտում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ «Ռադիոլուրը» զրուցել է նաև Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանի հետ։ Նրա կարծիքով՝ Գերմանիայիում արմատական փոփոխություններ են սպասվում։

«Գերմանիայում անհանգիստ քաղաքական մթնոլորտ է։ Փոփոխությունները շատ կարդինալ են քաղաքականության մեջ դեպի ԱՄՆ։ Պետք է սպասենք։ Շատ հետաքրքիր կլինի նաև նրանց նոր գործունեությունը Եվրոպայի դաշտում. կփոխվեն որոշ առաջնահերթություններ։ Կարծում եմ, որ մեզ մեծ անակնկալներ սպասվում են դեռ մոտ ապագայում»։

Գերմանիայի նոր քաղաքականությունը, ըստ գերմանաբնակ հայ փորձագետի, կարող է բացել նոր հնարավորություններ Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության համար։

«Հայաստանի համար նոր դռների առկայություն Գերմանիայում միշտ կա։ Խոսքը, սակայն, վերաբերում է ավելի շատ հայկական քաղաքական դաշտին՝ այս առումով ակտիվացնելու կամ պասիվ մնալու հարցին, որովհետև եթե հայկական քաղաքական միտքը, հայ քաղաքական գործիչները փորձեն Գերմանիայի հետ ավելի ակտիվացնել հարաբերությունները, նրանք միշտ ունեն այդ հնարավորության դաշտը»։

Միշտ չէ, որ թակում ենք այդ դռները կամ բաց դռներով մտնում ենք ներս՝ ասում է Օրդուխանյանը։ Նա չի կարծում, որ Գերմանիայի քաղաքական նոր զարգացումները Հայաստանի նկատմամբ վերաբերմունք կփոխեն կամ կբերեն լարվածության։ Եթե լուրջ աշխատանք տարվի, ապա սա հնարավորություն է և Հայաստանին կարող է մեծ օգուտներ բերել՝ ասում է վերլուծաբանը։

«Կարծում եմ բոլոր հիմքերը կան, որ Հայաստանը օգտվի նոր զարգացումներից՝ հաշվի առնելով նաև հայկական մոտ 100 հազարանոց համայնքի առկայությունը, կարողանա օգտվել նաև տեղական ուժերից, ներգրավի սփյուռքյան համայնքների մարդկանց՝ քաղաքական, տնտեսական, մշակութային գործունեության մեջ։ Դա կկրկնապատկի Հայաստանի հնարավորությունները»։   

Քանի դեռ նման ներգրավվածությունը լիովին չի ապահովվել, ըստ փորձագետի, Գերմանիայի հետ հարաբերությունները մեկթևանի թռչնի են նմանվելու

Source link

Leave a Comment